Երիցյան. Ֆեյք թեկնածուների երևույթը բացասական ազդեցություն է ունենում ընտրական գործընթացի վրա
20-ամյա տեղական ինքնակառավարման ոլորտում Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը երկու հիմնական խնդիր մատնանշեց:
«Առաջին խնդիրն իսկապես տեղական ինքնակառավարման ինքնուրույն մարմին ունենալն է: Խորհրդային մտածողությունը հետևյալն էր՝ տեղական իշխանությունը կենտրոնական իշխանության կցորդն է: Մինչև հիմա էլ շատերի մոտ այդ մտայնությունը պահպանվել է: Հաջորդ խնդիրը իշխանության ապակենտրոնացումն է»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց միության նախագահը:
Անդրադառնալով սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններին, Երիցյանը նկատեց, որ կուսակցությունները քիչ հետաքրքրություն են ցուցաբերում դրանց նկատմամաբ, կուսակցական լինելով, քաղաքացիներն ինքնաառաջադրվում են, ծրագրային պայքար չի ծավալվում, անհատներն են գործի լծվում:
ՏԻՄ ընտրություններում նա մատնանշեց «ֆեյք-թեկնածուների» խնդիրը: Ընտրական օրենսգիրքը պահանջում է, որ մինչև գրանցման պահը, պետք է առաջադրված լինի երկու թեկնածու:
«Սրա նպատակը մրցակցության ապահովումն է, սակայն օրենսդրության պահանջը ապահովելու համար շատ համայնքներում ձևականորեն առաջադրումներ են լինում, սոցիալական ցանցերի լեզվով ասած մենք ունենում ենք «ֆեյք թեկնածուների» երևույթ, ովքեր գրանցումից հետո իրենց թեկնածությունը հանում են»,-խնդիրը ներկայացրեց բանախոսը:
Երիցյանի կարծիքով, դա բացասական ազդեցություն է ունենում ընտրական գործընթացի վրա: