2017-ին Վիետնամում նախատեսվում է անցկացնել հայ մշակույթի օրեր
«Հայաստանի մշակույթի նախարարությունը համագործակցում է ավելի քան հինգ տասնյակ երկրների հետ, որոնց թվում են նաև Ճապոնիան և Հնդկաչինի երկրները (Չինանստան, Կորեա, Վիետնամ, Թաիլանդ, Սինգապուր),- ի պատասխան Հայաստան- ասիական երկրներ մշակութային համագործակցության մասին Panorama.am-ի հարցին, տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:
Ըստ նախարարության, համագործակցության ակտիվությունը պայմանավորված է առաջին հերթին ստորագրված երկկողմ համաձայնագրերով ու գործնական ծրագրերով, ինչպես նաև տվյալ ժամանակահատվածում նշյալ տարածաշրջանում ընթացող մշակութային գործընթացներով: Մշակութային համագործակցության հարթակ են հանդիսանում նաև միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող համաժողովներն ու միջազգային ակցիաները, որոնց նաև մասնակցում է Հայաստանը:
Չինաստանի հետ մշակութային համագործակցությունը մշտապես զարգանում է դինամիկ կերպով. պարբերաբար կազմակերպվում են փոխադարձ մշակույթի օրեր, հայ արվեստագետները մասնակցում են Պեկինի բիենալեին, Չինաստանում կազմակերպվող կինոփառատոներին (Պեկինի կինոփառատոն, Սիան քաղաքի «Մետաքսի ճանապարհ» կինոփառատոն) և այլ ձևաչափերի:
Կորեայի հետ համագործակցության շրջանակում՝ Հայաստանը մշտապես մասնակցում է Պուսանի կինոփառատոնին, իսկ վոկալիստները տարիներ շարունակ՝ «Ապրիլյան գարուն» երաժշտական փառատոնին: 2014 թվականին Կորեայում անցկացվող «Կովկասյան մշակութային փառատոնի» շրջանակում անցկացվել են «Հայ մշակույթի օրեր Կորեայում» ծրագիրը: Ելույթներով հանդես են եկել Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթը, «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազ համույթը, կայացել է Արարատ Սարգսյանի՝ «Թղթի պատրաստում և տառերի ու պատկերների դաջում հնագույն եղանակով» վարպետության դասերը: Փառատոնի օրերին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, սպորտի և կրթության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը:
Ինչ վերաբերում է Ճապոնիային և Վիետնամին, ապա այս երկրներում, վերջին տարիներին հայ մշակույթի նկատմամբ հետաքրքրությունն ակնհայտորեն ավելացել է, ինչն էլ հանգեցրել է համագործակցության ակտիվացմանը: Մասնավորապես, 2015 թվականին Երևանում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության մշակույթի, սպորտի և տուրիզմի նախա-րարության միջև մշակույթի բնագավառում 2015-2018 թթ. համագործակցության մասին» ծրագիրը: Վիետնամի մշակույթի, սպորտի և տուրիզմի նախարարի տեղակալը մասնակցել է 2015 թվականին Երևանում անցկացված ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականություն. քաղաքականություն մշակույթի համար. Մշակույթի դերը «ԵՏ-2015» օրակարգում» կոնֆերանսին:
2016 թվականին Վիետնամում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ վիետնամական «AN VIEN» հեռուստաալիքով ցուցադրվել են հայկական ֆիլմեր, կազմակերպվել է երաժշտության շաբաթ: 2017 թվականին Վիետնամում նախատեսվում է անցկացնել հայ մշակույթի օրեր:
2013-2016 թթ. ընթացքում Ճապոնիայում կայացել են թավջութակահար Նարեկ Հախնազարյանի, «ԱրսԼունգա» դուետի, Կոմիտասի անվան քառյակի համերգները, Հայաստանի պատանի նկարիչները մասնակցել են «Աշխարհի երեխաների նկարները» մրցույթին, իսկ 2016 թվականի մարտի 22-27-ը Տոկիոյի «Դայկանյամա Հիլլսայդ Տերաս» սրահների համալիրում անցկացվել է «Հայկական մշակույթի շաբաթ», որի ընթացքում բացվել է նկարիչ-ձևավորող Արև Պետրոսյանի ցուցահանդեսը:
Ճապոնացի, չինացի, կորեացի և վիետնամցի երաժիշտ կատարողները մշտապես մասնակցում են Հայաստանում անցկացվող երաժշտական («Երևանյան հեռանկարներ», «Արամ Խարատրյան», «Վերածնունդ»), կինո («Ոսկե ծիրան»), թատերական («ՀայՖեստ») փառատոներին, գրական ծրագրերին («Գրական տապան»): Ավանդույթ են դարձել Հայաստանում Ճապոնական ֆիլմերի շաբաթները: Այս տարվա սեպտեմբերի 26-27-ին, Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում և Կոմիտասի թանգարան ինստիտուտում, «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակում հանդես կգա «Նոհ» ճապոնական թատրոնը:
Սինգապուրի և Թաիլանդի հետ համագործակցության ակտիվությունը կրում է իրադարձային բնույթ. մասնավորապես՝ Թաիլանդի հետ համագործակցությունը ակտիվ է եղել 2012 թ.՝ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք, ապա՝ 2013 թ. Բանգկոկը գրքի համաշխարհային մայրաքաղաք ծրագրերի շրջանակներում: Այս համատեքստում, Հայաստանում հանդես է եկել թայլանադական ազգային համույթը, իսկ Բանգկոկում ներկայացվել է հայկական մշակույթը: 2013 թ. Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակի հոբելյանական ծրագրով Սինգապուրում, ապա` Կորեայում և Ճապոնիայում ելույթ է ունեցել «ԱրսԼունգա» դուետը: