1988 թվականի տվյալներով Հայաստանում աշխատել է մոտ 33 հազար գիտնական. Սամվել Հարությունյան
Այսօրվա դրությամբ ՀՀ-ում շուրջ 7000 գիտնական է ընդգրկված գիտպետկոմի ծրագրերում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը՝ նշելով, որ կոմիտեի ստեղծման ժամանակ այդ թիվը կազմել է մոտավորապես 6500:
Նա հիշեցրեց, որ 1988 թվականի տվյալներով Հայաստանում աշխատել են մոտ 33 հազար գիտնական. «Մոտավորապես չորս ու կես անգամ գիտնականների թիվը պակասել է: Դա բավականին ծանր փաստ է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Հայաստանից հեռացան այն գիտնականները, ովքեր պահանջարկված էին: Նրանք տարբեր զարգացած ենթակառուցվածքներ ունեցող երկրներում զբաղեցրել են բավականին լուրջ դիրքեր և լուրջ հաջողություններ են գրանցել»:
ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահի ներկայացրած տվյալներով՝ ներկայումս Հայաստանում 7000 հազար գիտնականներից գիտությամբ զբաղվում են մոտավորապես 4000 հազարը. «Սակայն իրավիճակը ողբերգական չէ, նույնիսկ զարգացման միտում ունեցող իրավիճակում ենք»:
Հարությունյանի հավաստմամբ՝ Հայաստանում այս պահին գիտությունն էապես առաջ է անցել տնտեսությունից, այլ հարց է, որ գիտության ոլորտի նվաճումները չեն կիրառվում տնտեսության մեջ. «Պաշտպանության ոլորտին սպասարկելու համար լուրջ ծրագրեր են իրականացվում, և այդ ծրագրերի կյանքի կոչման համար հինգ ենթահանձնաժողով է գործում։ 2017-ից կստեղծվի հատուկ բյուրո, որը կփորձի կապ հաստատել այլ երկրների պաշտպանության ոլորտի կառույցների հետ»:
Անդրադառնալով միջազգային կապերին՝ Սավել Հարությունյանն ասաց, որ Հայաստանը երբեք նման միջազգային կապեր չի ունեցել, ինչպիսին հիմա է։
Գիտպետկոմի նախագահը հավելեց նաև, որ գիտության ոլորտին հատկացված բյուջեն 14,3 մլրդ դրամ է, ինչը քիչ է. «Ցանկացած գումար գիտության ոլորտում էլ քիչ է թվում, քանի որ գիտությունն այն ոլորտն է, որտեղ մեծ ներդրումներ են անհրաժեշտ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները