Աշխարհի պատանեկան առաջնություն. 4-րդ տուրի արդյունքներ
Խանտի-Մանսիյսկում շարունակվող աշխարհի պատանեկան առաջնությունում տեղի են ունեցել 4-րդ տուրի հանդիպումները: Մրցաշարային 4-րդ օրը հաջող է ստացվել Հայաստանի ներկայացուցիչների համար. մեր 9-ը մասնակցից 8-ը հաղթանակներ են տոնել: Այս մասին հայտնում է chessfed.am-ը։
Մինչև 14 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Քրիստինե Սմբատյանը տոնել է մրցաշարում առաջին հաղթանակը և իր ակտիվում գրանցել 1,5 միավոր: Այստեղ մրցաշարային աղյուսակը գլխավորում են 7 շախմատիստուհի, ովքեր վաստակել են 3,5-ական միավոր:
Մինչև 16 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Արփինե Գրիգորյանը հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Աննա Աֆանասևային և վաստակել 2,5 միավոր: Այս ենթախմբում մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Հոլանդիան ներկայացնող մեր հայրենակցուհի Աննա-Մայա Կազարյանը, ով հաղթանակով է ավարտել իր բոլոր 4 հանդիպումները:
Մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը առավելության է հասել Լատվիան ներկայացնող Մարգարիտա Պարխոմենկոյի նկատմամբ: Ղուկասյանն իր ակտիվում գրանցել է 3 միավոր և միայն կես միավորով է զիջում 4 առաջատարներին:
Մինչև 14 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Շանթ Սարգսյանը և Արթուր Դավթյանը 4-րդ տուրում առավելության են հասան համապատասխանաբար Տոմազի Ալբերտի և Չժոու Յունֆենի նկատմամբ: Սարգսյանն ու Դավթյանը վաստակել են 3-ական միավոր և 1 միավորով են հետ մնում մրցաշարի երկու առաջատարներից:
Մինչև 16 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը տոնել է իր 4-րդ հաղթանակը: Մարտիրոսյանը 4 հնարավորից վաստակել է 4 միավոր և Իրանը ներկայացնող Ամին Տաբատաբեյի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այսօր կայանալիք 5-րդ տուրում Մարտիրոսյանն ու Տաբատաբեյը հանդիպելու են առերես խաղում: Այս ենթախմբում հանդես եկող մեր մյուս ներկայացուցիչը` Դավիթ Միրզոյանը, իր պարտիան ավարտել է ոչ-ոքի արդյունքով:
Մինչև 18 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Մանուէլ Պետրոսյանն ու Արամ Հակոբյանը 4-րդ տուրում հաղթել են համապատասխանաբար Սային Ժանաթին և Դմիտրի Կոլարսին: Պետրոսյանն ու Հակոբյանը 4 հնարավորից վաստակել են 3,5-ական միավոր և երկու այլ մասնակցի հետ միասին գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Համաձայն վիճակահանության` այսօր կայանալիք 5-րդ տուրում մեր երկու մասնակիցները մրցակիցներ են:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա