Կասպրշիկը մտահոգություն է հայտնել հայ զինծառայողի սպանության վերաբերյալ
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ:
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը: Դավիթ Տոնոյանը դեսպանին տեղեկացրել է, որ սեպտեմբերի 25-ին հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Սևակ Հովհաննեսի Խաչատրյանը:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն անթույլատրելի է համարել հրադադարի խախտման փաստը և ընդգծել, որ մահվան ելքով միջադեպի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:
Դեսպան Կասպրշիկն իր հերթին մտահոգություն է հայտնել տեղի ունեցած միջադեպի և դրա արդյունքում մարդկային կորստի վերաբերյալ, խոստացել է քայլեր ձեռնարկել իրադրության հետագա ապակայունացումից խուսափելու համար:
Հարակից հրապարակումներ`
- «Մարտական ծառայություն» մեդալ՝ զոհված զինծառայողին
- Հարուցվել է քրգործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայող Սևակ Խաչատրյանի սպանության դեպքի առթիվ
- Հակառակորդի գնդակից ԼՂՀ ՊԲ զինվորի զոհվելու դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն