Էջմիածնում շտապօգնության ուղղված կանչին ի պատասխան առաջարկում են հիվանդին հիվանդանոց տանել
Սեպտեմբերի 24-ի երեկոյան «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի շտապօգնության բաժանմունք ուղղված Էջմիածին քաղաքի բնակչի կանչն այդպես էլ չի սպասարկվում:
«Հայրս վատ էր, սկսեց փսխել: Մտածեցի՝ ինֆարկտի նշաններ են: Վախեցած զանգահարեցի շտապօգնություն, ասացին՝ հիմա գալ չեն կարող, մոտ 40 րոպե պետք է սպասեք: Ասացին՝ մեքենաներից մեկը կանչ է սպասարկում, մյուսն էլ գնացել է Ակնալիճ գյուղ, պատգարակը կոտրվել, մնացել է այնտեղ»,-Panorama.am-ի հետ զրույցում պատմում է քաղաքացին:
Նա հեռախոսավարին բացատրում է, որ կարող է սեփական մեքենայով բուժաշխատողին տուն բերել: Պատասխանում են՝ այս պահին նման մարդ չկա, ով կարող է տուն գնալ: Փոխարենը առաջարկում են հիվանդին Էջմիածնի հիվանդանոց տանել, չի համաձայնվում. «Ես վախեցած էի, մտածում էի՝ տեղաշարժելը կարող է ճակատագրական լինել հորս համար»:
Շտապօգնություն զանգահարած քաղաքացին ասում է՝ հեռախոսին պատասխանած կինը հետ է զանգահարում՝ առաջին բուժօգնության վերաբերյալ խորհուրդներ տալիս: Ավելի ուշ քաղաքացին հրաժարվում է կանչից, մտածում է՝ հարկ եղած դեպքում հորը երևանյան բժշկական կենտրոններից մեկը կհասցնի:
Արմավիրի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հարությունյանը, լսելով խնդրի մասին Panorama.am-ի հարցը, անմիջապես արձագանքում է. «Էջմիածնի շրջանը շտապ օգնության 4 մեքենա է սպասարկում, ընենց որ մի հատ չի, որ ասեն … Էդ ո՞վ է ձեզ նման բան ասել: Կարգին, սարքին վիճակում են բոլորն էլ»:
Նա նշեց, որ այդ չորս մեքենաները սպասարկում են Էջմիածին քաղաքի ու հարակից 35 գյուղերի բնակչությանը՝ մոտ 127.6 հազար մարդ:
«Մի հատ եթե բան է, եկեք, նստեք ըստեղ, տեսնենք, ի՞նչ եք ուզում»,-մի քիչ զայրանում է վարչության պետը, հավատացնելով, որ շտապ օգնության աշխատանքի վերաբերյալ նախկինում դժգոհություններ չեն եղել:
Շտապօգնությանն ուղղված զանգերի խոսակցությունները ձայնագրվում են: Հարությունյանին տրամադրում ենք զանգահարող քաղաքացու հասցեն, զանգահարողի անուն-ազգանունը, զանգը կատարելու ամսաթիվն ու ժամը: Քիչ անց Հարությունյանն է զանգահարում խմբագրություն: Պարզել է՝ չորս մեքենա կա, բայց օրական հերթապահում են երկուսը:
«Չորսն էլ հո չե՞ն կարող դնել հերթապահության: Մի օրը երկու մեքենա է սպասարկում: Այդ զանգի ընթացքում երկու մեքենաներն էլ կանչի են եղել: Կարող է՝ տաս հատ էլ լինեին, տասն էլ կանչի լինեին»,-փորձում է արդարանալ վարչության պետը:
Մարզպետարանի պաշտոնյային հարցնում ենք՝ 127 հազար 600 բնակչին երկու շտապ օգնության մեքենան բավարա՞ր է: Պատասխանում է. «Ի՞նչ եք առաջարկում, էդ ա հնարավորությունը: Դե մինչև հիմա բավարարել ա»:
Հարցնում ենք՝ այդ չորս մեքենաներն ի՞նչ սարքավորումներով են ապահովված: Զայրանում է. «Դե հմի, արդեն ուրիշ բաներ եք հարցնում: Գրավոր գրեք, ես ձեզ կպատասխանեմ»:
Նա բացառում է, որ շտապօգնության ծառայության աշխատանքից դժգոհություններ եղել են, ինքն է անտեղյակ. «Էսօր, Աստված չանի, մի հատ ստից բան է լինում, ըսենց տարածվում է: Համենայն դեպս, եթե ֆինանսական հնարավորություն լինի, իրենք կնորացանեն իրենց պարկը, ընենց չի, որ չեն ուզում»:
Պարզվում է դժգոհություններ եղել են, դրանց մասին հրապարակումներ էլ կան:
2010 թվականին կառավարությունն ընդունել է մի որոշում, որտեղ նշված է. « Չնայած իր կարևորագույն առաքելությանը` շտապ օգնության ծառայությունը զգալիորեն հետ է մնում բուժօգնության մյուս տեսակներից: Գրեթե բոլոր մեքենաները հին են, ցածր է տեխնիկական հագեցվածությունը, անբավարար և ոչ ժամանակակից են կապի միջոցները, մասնագետների ճնշող մեծամասնությունը կարիք ունի վերապատրաստման, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում կանչերն սպասարկվում են հիմնականում միջին բուժանձնակազմի միջոցով: Ոլորտը մինչ այժմ չի ունեցել իր զարգացման հայեցակարգն ու ռազմավարությունը, որը կարող էր ապահովել զարգացման հիմնական ուղղությունները, դրա իրականացման ժամանակացույցը, կատարողներին ու պատասխանատուներին»:
Փաստորեն՝ վեց տարի անց ոչինչ չի փոխվել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում