«Գութան»-ն այս տարվա իր գործունեությունը նվիրում է անկախության սերնդի զինվորներին
« «Գութան» ազգագրական երգի պարի փառատոնը նպատակ չունի ամեն տարի տարբերվելու, սկզբունքային փոփոխություններ անելու, այն նպատակ ունի պահպանելու ազգագրական, ավանդական երգն ու պարը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Փառատոնի հիմնադիր, «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնի ղեկավար Արսեն Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ փառատոնը նպատակ ունի նաև զարկ տալ նոր խմբերի ստեղծման գործին և ամեն տարի ունենալ նոր մասնակիցներ: «Այս տարի մեզ պետք է միանա «Ծովակ» ավանդական երգի պարի խումբը, որը ստեղծել է «Կարին» ազգագրական համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը: Իսկ մեր հիմնական տարբերությունն այն է, որ ամեն տարին փոփոխում ենք տվյալ խմբերի ծրագիրը, այսինքն առաջադրանք կա, որ յուրաքանչյուր ելույթ ունեցող խումբ փառատոնի շրջանակներում պետք է ներկայացնի ամբողջական Հայաստանի որևէ գավառի ազգագրական մշակույթը: Եթե օրինակ անցած տարի խմբերից մեկը ներկայացրել է Վան, Վասպուրական գավառները, այս տարի կներկայացնի Սասունը կամ Զանգեզուրը»:
Արսեն Գրիգորյանն ընդգծեց, որ փառատոնը մշակույթի երախտավորների գործն արժեվորելու նպատակ ունի և ամեն տարի պատրաստում են տեսաֆիլմեր, որոնք պատմում են նրանց գործունեության մասին:
Հանդիպմանը ներկա «Կարին» ազգագրական համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանն էլ անդրադառնալով «Ծովակ» խմբի մասնակցությանն ասաց. « «Ծովակը» նոր խումբ չէ, բայց քանի որ այն մանկապատանեկան է անընդհատ սերնդափոխություն է ապրում: Վերջին երկու-երեք տարում այն արդեն ամրացած կազմ ունի և բարձրացել է որակն այնքան, որ հանդիսատեսի դատին հանձնելու որակական նորարարություն ունի: 15-18 տարեկան պատանիներ են, որոնք նաև արդեն բեմադրություններ են փորձում անել»:
Ըստ Գինոսյանի՝ այս փառատոնով կկարողանանք ն ավելի լայն հանրությանը ներկայանալի լինեն մեր ազգային տեսակով. «Հաճախ տեսնում ենք կիասկովկասյան երգ ու պար, կլկլոց, և այս առումով հնարավոր չէ չքննադատել նաև նոր ռաբիս նախագիծը: Արսեն Գրիգորյանի նախաձեռնությունը իրական պայքար է նման անճաշակությունների ու անթույլատրությունների դեմ»:
Փառատոնի մասնակից «Նուբար» ազգագրական համույթի ղեկավար Լուսինե Նազարյանն էլ նշեց, որ այս տարի առաջին անգամ կներկայացնեն Զանգեզուրը. « «Գութանը» նաև կոչված է ազգագրական երգի, պարի մասին գիտելիքի բացը լրացնելու, որը ոչ միայն պետք է մասնագետներն իմանան, այլ նաև հանրությունը»:
Նշենք, որ այս տարի ընդլայնվում է փառատոնի աշխարհագրությունը. «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը կանցկացվի ոչ միայն Երևանում (սեպտեմբերի 28), այլ նաև Արցախում (հոկտեմբերի 3):
«Ցանկանում ենք, որ «Գութանն» ամեն տարի ընդլայնի մարզեր այցելությունների շրջանակը ու հասնենք սահման, մեր երախտագիտությունը հայտնենք սահմանապահ զինվորներին ու բնակչությանը: Բնականաբար դրա համար պետք է լուծել ֆինանսի խնդիրը, քանի որ ցանկացած շարժում ենթադրում է ծախս: Այս տարի կլինենք Արցախում, որտեղ էլ մեզ կմիանա Արցախի «Մենք ենք, մեր սարերը» խումբը: Իսկ այս տարվա մեր ամբողջ գործունեությունը նվիրվում է անկախության սերնդի մեր զինվորներին, ովքեր իրենց արյունով վերահաստատեցին մեր անկախությունը: Այսօր արդեն անկախության սերունդն է մեզ պահում և անկախության պատասխանատվությունն են վերցրել իրենց վրա»,-ավելացրեց Արսեն գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան