Արծվիկ Մինասյանը կշնանակվի Բնապահպանության նախարար. Աղվան Վարդանյան
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց տեղեկություններն այն մասին, որ Արծվիկ Մինասյանը կշնանակվի Բնապահպանության նախարարի պաշտոնում:
Նրա խոսքերով՝ իրենք վարչապետի հետ հանդիպել են և քննարկել այդ հարցը:
«Մենք ունեցել ենք երկար հանդիպում Հայաստանի վարչապետի հետ և քննարկել ենք առկա բոլոր հարցերը: Վարչապետի մոտեցումն հետևյալն է. վարչապետը նոր անվանումով նախարարությունում պատկերացնում է բիզնես մտածողություն ունեցող անձ, բիզնեսի հետ կապ ունեցող անձ, և իր համար շատ կարևոր են տնտեսական ոլորտի բարեփոխումները»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Նա միաժամանակ նշեց, որ Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել Արծվիկ Մինասյանի գիտելիքները, և որևէ խնդիր չունի նրա հետ: Ընդհակառակը, ըստ նրա, վարչապետն ասել է, որ հասարակության մեջ եղել է թուրընկալում՝ կապված կառավարության առաջին նիստի հետ, ինքը բացարձակապես նման մտադրություն չի ունեցել, հակառակը, ափսոսում է դրա համար: «Եվ ասել է՝ ես շատ եմ ուզում աշխատել պարոն Մինասյանի հետ և առաջարկություն է արել և Դաշնակցությանը, և պարոն Մինասյանին: Ամենայն հավանականությամբ՝ առաջիկայում Արծվիկ Մինասյանը կզբաղեցնի Բնապահպանության նախարարի պաշտոնը»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ ՀՅԴ համար լիովին ընդունելի են վարչապետի այն մոտեցումներն ու փոփոխությունները, որոնք վարչապետը մտադիր է կատարել տնտեսությունում:
Նրա խոսքերով՝ Արծվիկ Մինասյանի կարողությունները կբավականացնեն նաև բնապահպանության նախարարությունում աշխատելու համար: «Երկուսն էլ կարևոր նախարարություններ են: Եթե վարչապետն ունի պատկերացումներ և ուզում է այդտեղ տեսնել մարդու, որը բիզնես մտածողություն ունի: Դուք բոլորդ լավ գիտեք, որ Արծվիկ Մինասյանը, լինելով և քաղաքական գործիչ, և մասնագետ, և տիրապետելով ոլորտներին տեսական առումով՝ ինքը բիզնեսի հետ առնչություն չի ունեցել»,- նշեց Աղվան Վարդանյանը:
ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց, թե պետք է շեշտադրում դրվի, թե ինչ խնդիրներ են դրված նոր կառավարության առաջ: «Եթե այդ խնդիրները քայլ առ քայլ լուծվում են, լավ է: Դա առաջին հերթին նշանակում է վճռական պայքար ստվերային տնտեսության, կոռուպցիայի դեմ, պայմանների ստեղծում նոր արտադրության հիմնման համար, սոցիալապես իրապես անապահով բնակչության համար իրենց ամենօրյա բեռի արմատական փոփոխություն և այլն»,- ընդգծեց Աղվան Վարդանյանը:
Նա նշեց, որ այս փուլում ՀՅԴ-ն տեսնում է վարչապետի վճռականությունը՝ այդ բոլոր երևույթների դեմ պայքարելու համար: «Կարողանալո՞ւ է; Հույս ունեմ, որ կարողանալու է»,- նշեց նա:
Աղվան Վարդանյանը նաև հայտնեց, որ ՀՅԴ-ական նախարարներ Դավիթ Լոքյանն ու Լևոն Մկրտչյանը կպահպանեն իրենց պաշտոնները:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան