Սեպտեմբերի 27-ից կմեկնարկի «Էրեբունի-Երևան 2798» սոցիալական բաղադրիչ-ծրագիրը
Երևանի օրվան նվիրված միջոցառումներում ընդգրկված սոցիալական առաջին և ամենամեծ ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի 27-ին: Երևանի ծննդյան տարեթվին համապատասխան, թվով 2798 ընտանիքի քաղաքապետարանի կողմից կտրամադրվի համապատասխան աջակցություն՝ էլեկտրատեխնիկական սարքավորումներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ծրագրում ընդգրկված են անապահովության գնահատման համակարգում հաշվառված երևանաբնակ կարիքավոր ընտանիքներ, Արցախյան պատերազմի, այդ թվում ապրիլին առաջնագծում ծավալված ռազմական գործողությունների մասնակից, վիրավորում ստացած և զոհված զինծառայողների ընտանիքներ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, միաժամանակ երկու զինծառայող ունեցող ընտանիքներ, սոցիալական և հասարակական տարբեր խմբերի՝ գիտության, մշակույթի գործիչների, բուժաշխատողների, մանկավարժների, սիրիահայերի ընտանիքներ, տարեցներ, բազմազավակ և բազմանդամ, ինչպես նաև երիտասարդ ընտանիքներ ու սոցիալական մի շարք այլ խմբերում ընդգրկված ընտանիքներ:
Այս տարի քաղաքի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կիրականացվի սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների այցի ծրագիրը. ավելի քան 1000 ծնող կկարողանա այցելել սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներինն:
Միջոցառումներ են նախատեսված նաև հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների միջազգային օրը, որի շրջանակում այցեր կկազմակերպվեն Երևանում բնակվող 100 և ավելի տարիք ունեցող 19 տարեցներին: