Փոքր և միջին ձեռնարկատերերն ավելի քիչ կվճարեն, քան խոշորները՝ քննարկում ԱԺ-ում
ՀՀ Ազգային ժողովում քննարկվում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հայտնեց, որ գործող օրենքով մանր ու միջին բիզնեսը նույն դրույքաչափով է վճարում ծխախոտի, ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար, ինչ սուպերմարկետները: Այժմ առաջարկվում է թույլտվության տուրքի չափերը տարբերակել ըստ օբյեկտների ֆիզիկական չափերի՝ քմ-ներով:
Նրա խոսքերով՝ գործող օրենքի համաձայն՝ ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանված է տեղական տուրքը 0-ից 17.500 դրամի չափով։ Նույն օրենքի համաձայն՝ ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանված է 1.500-ից 17.500 դրամի չափով տուրք։
Ինչ վերաբերում է հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքին, ապա յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է` հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման դեպքում՝ 1000-ից 6000 դրամ, իսկ ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման դեպքում՝ 0-ից 1000 դրամ:
Կամո Արեյանի խոսքերով՝ վերը նշված տեղական տուրքերի դրույքաչափերը ոչ մի կերպ չեն համադրվում սուբյեկտների շրջանառության չափերի և առևտրային տարածքների «հզորությունների» հետ։ Դրանով անհամեմատ անհավասար պայմանների մեջ է դրվում փոքր առևտրի կրպակների, խանութների, հանրային սննդի կետերի տեղական տուրքերի վճարման բեռը՝ համեմատած սուպերմարկետների, խոշոր ռեստորանային համալիրների և այլ խոշոր օբյեկտների հետ։ «Այսպիսով՝ հաշվի առնելով փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների կողմից տվյալ հարցի շուրջ բարձրացված արդարացի բողոքներն ու մտահոգությունը՝ նոր նախագծով առաջարկում ենք տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելիս որպես չափորոշիչ հաշվի առնել տնտեսվարող սուբյեկտի զբաղեցրած տարածքը՝ արտահայտված քառակուսի մետրով»,-նշեց Կամո Արեյանը:
Նրա խոսքերով՝ օրենքի ընդունումից հետո փոքր և միջին ձեռնարկատերերն ավելի քիչ կվճարեն, խոշորներն՝ ավելի շատ, բայց առևտրի վրա ընդհանուր ֆիսկալ ծանրաբեռնվածությունը չի աճի: «Պարզապես արդարացի պայմաններ են ստեղծվում տնտեսվարողների համար»,- ասաց նա:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի նախագծին կողմ քվեարկել:
«Նախագիծը դրական է և պետք է ընդունվի, քանի որ այն 300 տնտեսվարողի հարց է լուծում և 50 տոկոսով թեթևացնում է սուբյեկտների հարկային բեռը»,- ասաց նա: