Ձևեք ձեր կառավարությունը ում վրա ոնց ուզում եք. Նաիրա Զոհրաբյան
Այսօր Ազգային ժողովում մեկնարկեց կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը:
Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 22 հարց, այդ թվում` «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը իր դժգոհությունը հայտնեց կառավարության ներկայացրած օրակարգի վերաբերյալ՝ ասելով, որ մինչև կառավարության ձևավորումը և ծրագրի հաստատումը ՀՀ կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստի հրավիրումը 22 օրինագծերով՝ ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ փոփոխությունների մասին խոսակցությունները դատարկություն են, նոր վարչապետն իր նախորդների նման շարունակում է դիտարկել խորհրդարանը որպես «կամակատար և դակիչ մարմին»:
«Եթե կային սահմանադրական պահանջներ կառավարության ձևավորման հետ կապված, ապա կարելի էր արտահերթ նիստ հրավիրել միայն այդ հարցով, այլ ոչ թե 22 օրենք «ճխտել» այս արտահերթի մեջ, ինչը բացառում է օրենքների պատշաճ քննարկումը: Բացի այդ, հոկտեմբերի 2-ին կայանալու են ՏԻՄ ընտրություններ՝ ներառյալ Գյումրիում և Վանաձորում, ինչը նշանակում է, որ կուսակցությունները զբաղված եմ այդ ընտրարշավներով: Հայաստանի իշխանավորները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ հարգանք չունեն ժողովրդավարության հիմնարար սկզբունքների նկատմամբ»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ արձագանքեց. «Կարծում եմ, որ դա միայն ձեր կարծիքն է, խորհրդարանի մեծամասնությունն այդ կարծիքը չի կիսում, ավելի լավ կլիներ նայեիք օրինագծերը : Սա շատ կարճ տևող արտահերթ է, այնպես որ չեմ կարծում, որ ՏԻՄ ընտրությունների հետ կապելը նորմալ է»:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ինքը նույնպես միանում է գործընկերոջ բարձրացրած խնդրին:
«Եթե կառավարությունը խնդիր ունի հերթական անգամ վերաձևելու կառավարության կազմը, ինչ-որ մեկին նախարար նշանակելու, ինչ-որ մեկի համար կոմիտե ստեղծելու համար, կարելի էր միայն այդ նախաձեռնությունը բերել՝ հաշվի առնելով, որ իրապես ՏԻՄ ընտրությունների քարոզարշավում ներգրավված են խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերը և բոլորս մասնակցում ենք քարոզարշավին: Իսկ տխրահռչակ «Հարկային օրենքի» նախագիծը, որը ներառված է արտահերթ նիստում, պետք է քննարկել այնպիսի պայմաններով, որ պատգամավորները ներկա լինեին: Սա ես համարում եմ անհարգալից վերաբերմունք խորհրդարանի հանդեպ: Ձևեք ձեր կառավարությունը ում վրա ոնց ուզում եք, բայց մի բերեք լրջագույն նախագծեր, քննարկել այն պահին, երբ պատգամավորները զբաղված են ՏԻՄ քարոզարշավով»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Գալուստ Սահակյան էլ ասաց, որ կանոնակարգ օրենքով են առաջնորդվում. «Այնպես չէ, որ յուրաքանչյուր ցանկացողի ականջին Կառավարությունն ու Ազգային ժողովը ինչ-որ բան փսփսան: Առավել ևս, որ այդքան խոսելուց հետո «Հարկային օրենք»-ի քննարկումներին մեծ մասդ չեք մասնակցել, իսկ այն բավականին լուրջ փոփոխություններ է կրել: Ի՞նչ է նշանակում ՏԻՄ ընտրություններ, ի՞նչ է առաջին անգամ են այդ ընտրությունները: Ինչ է՝ խորհրդարանն ընդհանրապես չպետք է աշխատի, ինչ է դուք գնում եք քարոզարշավի»,-արձագանքեց ԱԺ նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին