Տիգրան Արզումանյան. Հայաստանում մշակույթը ցավալի նահանջ է ապրում
«Մի երկրում, որտեղ տնտեսությունը շատ ծանր վիճակում է, դժվար է խոսել առավելապես մշակույթի մասին: Պետք է տնտեսությունը վերականգնվի, որպեսզի կարողանանք մշակույթի մասին հարց բարձրացնել ու խոսել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի վաստակավոր նկարիչ, քանդակագործ Տիգրան Արզումանյանը՝ խոսելով կառավարության փոփոխության և հնարավոր անելիքների, խնդիրների լուծման մասին:
Նա ընդգծեց, որ այսօր Հայաստանում մշակույթը ցավալի նահանջ է ապրում:
«Հետխորհրդային տարիներից հետո 25 տարվա ազատությունը ոչինչ չի տվել մեր մշակույթին: Այս փոփոխություններն անելով՝ չգիտեմ…»,- ասաց քանդակագործը:
Տ. Արզումանյանի կարծիքով, այսօր մշակույթի ոլորտում արվող փոփոխությունները՝ հուշարձանների պահպանությունը, վերականգնումը տարվում է քաղաքաշինության և ճարտարապետության տիրույթ, ճիշտ որոշում է: Ըստ նրա, հատկապես հուշարձանների վերականգնումը կարիք ունի ճարտարապետների, շինարարների:
«Այդ կոմիտեի հնարավորությունները շատ են, կզբաղվի ոչ միայն եկեղեցական, նաև քաղաքային հուշարձանների պահպանությամբ»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանի կարծիքով, երկրում լուրջ փոփոխություններ կլինեն հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո, իսկ մինչ այդ նոր ձևավորվող կառավարության ղեկավարը երկու կարևոր անելիք ունի. «Պետք է նորանշանակ նախարարներին հասկացնի, որ չեն եկել ժողովրդի վրա իշխելու, մի քանի ամսում միլիոններ դիզելու, եկել են ծառայելու ժողովրդին: Եթե սա հասկանան, առաջիկա ամիսներին մարդիկ էական փոփոխություններ կնկատեն»:
Ա. Ափինյանի խոսքով, կառավարությունը պետք է լսի մտավորակնների ձայնը, հորդորը, քանի որ արվեստի ոլորտում կան վաստակաշատ մարդիկ, որոնց կարծիքը չի կարելի անտեսել: