Քանդակագործ. Ստեղծագործական միությունների ձևն ու աշխատանքի որակը հիմնովին պետք է փոխվի
Հայաստանում ունենք ստեղծագործական միություններ, սակայն մնացել են խորհրդային իշխանությունների մակարդակի վրա, մնում և ծառայում են նախկինի պես իշխանությունների իդեոլոգիայի համար,-լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հայաստանի վաստակավոր նկարիչ, քանդակագործ Տիգրան Արզումանյանը:
Ըստ նրա, ստեղծագործական միությունները չօգտվեցին Հայաստանում անկախության հռչակումից հետո ստեղծված ազատությունից, պարզապես կատարում են այն, ինչ սովետական շրջանում սովետական իդեոլոգիա պահելու և պաշտպանելու համար:
«Գտնում եմ, որ ստեղծագործական միությունների ձևն ու աշխատանքի որակը հիմնովին պետք է փոխվի: Գրողներին, կոմպոզիտորներին, մյուս ստեղծագործողներին վերև բարձրացնելու միջոցը միայն ստեղծագործական միություններն են, մշակույթի նախարարությունը պետք է նրանցից սնվի, նրանցից իմանա՝ ովքեր են լավ, արժանի ստեղծագործողները, որպեսզի ուշադրության արժանան: Սա էլ լուրջ խնդիր է»,- ասաց քանդակագործը:
Ասուլիսին ներկա Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանի խոսքով՝ խորհրդային շրջանում շատ գեղեցիկ ավանդույթներ են եղել, գրողների միությունը, մշակույթի նախարաությունն ավելի արդյունավետ են գործել, քան այսօր:
«Խնդիրն այն լուրջ պատասխանատվությունն էր, որ պետությունը վերաբերվում էր իր օղակներին: Պետական քաղաքականություն Խորհրդային Հայաստանն ուներ, անկախ Հայաստանն ունի՞ պետական քաղաքականություն, ասենք, մշակույթի ոլորտում, երբևէ լսե՞լ եք, որ պետությունը ներկայացնի իր առաջնահերթությունները»,- ասաց նա: