ԱԺ փոխնախագահն առաջարկում է անվանափոխել սփյուռքի նախարարությունը
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարվում է կառավարության կողմից ներկայացված «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողն է արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը:
Նրա ներկայացրած փոփոխությունները հետևյալն են՝ էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, տրանսպորտի և կապի նախարարությունը՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, էնեգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, առաջարկվում է հանել քաղաքաշինության նախարարությունը:
«Անվանումների մեջ փոփոխությունները պայմանավորված են նոր կառավարության կողմից որոշակի առաջնահերթությունների ընդգծմամբ, կարևորությունը որոշակի մակարդակի բարձրացնելով կամ նոր մոտեցումների մեկնարկով»,- նշեց Ա. Հովհաննիսյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովն առաջարկեց անվանափոխել սփյուռքի նախարարությունը:
«Որպես սփյուռք ունեցող ազգ՝ սփյուռքի նախարարության ստեղծումը պահանջված էր: Հաշվի առնելով, որ այս տարիների ընթացքում մեր արտաքին, ներքին քաղաքականության օրակարգի ամենակարևոր ու առանցքային խնդիրներից մեկը Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությունն էր, սփյուռքի նախարարության ստեղծումը կարևոր էր, բայց անվանումը, իմ կարծիքով, ամբողջական չէ: Առաջարկում եմ կառավարության քննարկման առարկա դարձել իմ առաջարկը՝ սփյուռքի նախարարությունը վերանվանել սփյուռքի և հայրենադարձության նախարարություն, ֆունկցիա դնել, որ ազգահավաքը պետք է լինի բոլորիս նպատակը»,- ասաց նա՝ հավելելով, որ մեսիջ կլինի, որ ՀՀ իշխանությունները, քաղաքական ուժերը երկրի ռազմավարության հիմքում դնում են հայրենադարձությունը:
Ըստ նրա, հայրենադարձությունը շատ կարևոր է:
Ա.Հովհաննիսյանն ասաց, որ իր համար ընդունելի է, առաջարկությունն ի գիտություն է ընդունում, առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում անպայման քննարկման առարկա կդարձնեն, կհայտնեն կառավարության դիրքորոշումը:
Պատգամավոր Հայկ Բաբուխանյան կարծիքով, պետք է ավելացնել նաև փախստականներ բառը և կոչել՝ հայրենադարձության, սփյուռքի և փախստականների նախարարություն:
«Ունենալով սփյուռք՝ միաժամանակ ունենք նաև փախստականներ: Նրանց վերաբերյալ քաղաքականություն վարելը պետք է լինի ընդգծված: Մենք նաև քաղաքական առումով խնդիր ունենք փախստականների հետ կապված, քանի որ Ադրբեջանից ունենք 100 հազարավոր փախստականներ, կարող ենք օգտագործել բանակցություններում և պահանջներ դնելիս»,- ասաց նա:
Ա. Հովհաննիսյանը նշեց, որ իր անձնական տեսակետով այդքան էլ նպատակահարմար չէ նախարարության անվանման մեջ արտացոլելը, բայց քննարկման առարկա է, ինչպես մյուս առաջարկությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան