Ռուբեն Բաբայան. Եթե կառավարության ծրագիրը լինի միայն տնտեսական զարգացման մասին, կդոփենք նույն տեղում
«Ինձ համար անձամբ շատ կարևոր է տեսել, թե Հայաստանն ապագայում քաղաքակրթական որ դաշտում է իրեն տեսնում: Շատ կարևոր է, թե արժեքային որ դաշտում մենք կգտնվեք: Սա կերևա առաջիկա օրերին, երբ նոր ձևավորվող կառավարությունը ներկայացնի իր ծրագիրը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Նրա կարծիքով, շատ ու շատ թերություններ, որոնք կան երկրում, գալիս են նրանից, որ անտեսում են ամենատարրական պահանջները. «Եթե խոսենք մշակույթի մասին, ապա, ցավոք սրտի, վերջին տասնամյակներում իսկապես վերացվել է մշակութային կրթությունը: Հետո մենք զարմանում ենք, թե ինչու է հասարակության մեջ այդպիսի ագրեսիվություն մտնում, ռաբիսությունը տարածում ստանում և այլն: Մշակույթին սկսեցինք վերաբերվել որպես կույրաղիք, որը կոչված է պարզապես ինչ-որ մարդկանց, ովքեր կոչվում են արվեստագետներ, ամբիցիաները բավարարելու համար: Իրականում այդպես չէ, իրականում եթե ուզում ենք ունենալ քաղաքակիրթ, օրինական երկիր, այդ ամեն ինչի հիմքում մշակույթն է: Եթե կառավարության ծրագիրը լինի միայն ու միայն տնտեսական զարգացման մասին, մենք կդոփենք նույն տեղում: Դժվար է պատկերացնել զարգացած տնտեսություն մի հասարակության մեջ, որտեղ անտեսված է մշակույթը»:
Ռ. Բաբայանի խոսքով, մշակույթի նախարարության հիմնական ֆունկցիան է պաշտպանել հայ մշակույթը, հնարավորություն տալ զարգանալ, ներկայացնել այդ մշակույթի լավագույն օրինակներն ողջ աշխարհին, աշխարհից մշակույթի լավագույն օրինակները մատչելի դարձնել հասարակությանը:
«Մշակույթն անոթներ են, եթե ինչ-որ տեղ փորձում եք փակել, սիրտը դադարում է բաբախել»,- ընդգծեց նա:
Ռ. Բաբայանի կարծիքով, առաջիկա օրերին կերևա, թե նոր կառավարությունն ինչպես է տեսնում մշակույթի նախարարության ֆունկցիան:
«Անձերի փոփոխման հետ շատ մեծ հույսեր չեմ կապում, հույս եմ կապում այն ծրագրերի հետ, որով գալիս են այդ անձիք, ինչ պետք է իրականացնեն: Եթե մշակույթի նախարարությունը զբաղվի նաև օրենսդրական գործունեությամբ, որն իր հիմնական պարտականությունների մեջ է մտնում որպես կառավարության մի օղակ, փորձի անել այնպես, որպեսզի բիզնեսն ու մշակույթը շարժվեն միասին: Սա նոր պրոբեմ չէ, Եվրոպայում այդ պրոբլեմը լուծվել է 70-ականներին: Ամեն ինչ դնել պետության, իշխանության վզին, սխալ է: Հասարակությունը պետք է պատրաստ լինի պաշտպանել իր մշակույթը, ամեն արձանի մոտ ոստիկան չես դնի: Մեր բոլորիս պարտքն է փայփայել սեփական արժեքները»,- ասաց Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: