Երբ նայում ենք Ազգային ժողովի նիստը՝ ռաբիսի պրոպագանդա չէ՞. Ռուբեն Բաբայան
Ռաբիսը երաժշտություն չէ, մտածելակերպ է, ապրելաձև, հայեցակարգ, որը, ցավոք սրտի, մեր երկրում գնալով ավելի ու ավելի խորն արմատներ է դնում,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Ըստ նրա մոտեցման՝ չպետք է ռաբիսը դիտարկել միայն երգի ասպարեզում. «Երբ նայում ենք Ազգային ժողովի նիստը՝ ռաբիսի պրոպագանդա չէ՞. Իրար հետ խոսելը, դիմելը, շփվելը, այն արժեքները, որ ներկայացնում են: Ռաբիսը լավ ղեկավարվող և շատ մատչելի ձև է, ռաբիսի միջոցով կարելի է ամբոխը տանել ուր ասես: Ինչպես իշխանությունն է ռաբիս, այնպես էլ հեղափոխականները: Նույն քաղաքակրթական դաշտում են գտնվում»:
Արվեստագետի խոսքով՝ այստեղ գործ ունեն պետական քաղաքականության հետ:
«Մտահոգված է արդյո՞ք պետությունը ռաբիզի պրոպագանդայով ամենուր, ամեն ինչում, հասկանո՞ւմ է, որ սա կործանարար է պետության, մշակույթի, հանրային հարաբերությունների համար, թե՞ ոչ»,- ասաց Ռ. Բաբայանը՝ հավելելով, որ սա ավելի լուրջ խնդիր է՝ խոր արմատներ է դրել հասարակության մեջ:
Նա նշեց, որ չի կարող մեկը սիրել և ռաբիս, և Արամ Խաչատուրյան, անհնարին է:
«Այն մարդն, ով սիրում է ռաբիս, չի կարող իրականում սիրել նաև Խաչատուրյան, Կոմիտաս, որովհետև Կոմիտասի ամբողջ գործունեությունը հայ երաժշտությունը մաքրելու մեջ էր: Հիմա մենք անում ենք հակակոմիտասյան գործունեություն: Կոմիտասի անունը պետք չի մեծացնել, Կոմիտասի գործն է պետք պահել,- ասաց Ռ. Բաբայանը: