Վրաստանի ՆԳՆ. Սաակաշվիլին կձերբակալվի, եթե մուտք գործի երկիր
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անմիջապես կձերբակալվի, եթե մուտք գործի Վրաստան:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, այդ մասին լրագրողներին հիշեցրել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին: Նախարարը հիշեցրել է, որ Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզություն է հայտարարված միանգամից մի քանի քրեական գործերով, հետևաբար ձերբակալությունը անխուսափելի կլինի:
Ավելի վաղ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով այժմ Ուկրաինայի Օդեսա նահանգի նահանգապետն է, հայտարարել էր Վրաստան վերադառնալու մտայնության մասին: Սաակաշվիլին, վերադարաձը պայմանավորել էր Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով:
Ընտրություններին մասնակցում է ոչ միայն Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, այլ նաև նրա կինը՝ Սանդրա Ռուլովսը, ով մեծամասնական կարգով որպես պատգամավորի թեկնածու է առաջադրվել: Միաժամանակ հայտարարվում է, որ Սաակաշվիլին ընտրությունների համար նախընտրական շտաբ կարող է գործարկել Թուրքիայում: