
Հայաստանի բոլոր ազգային փոքրամասնությունների երեխաներն իրավունք ունեն դպրոցում մայրենի լեզու սովորել. նախարար
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները այսօր կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին ներկայացրել են եզդիական համայնքի մտահոգություններն ու առաջարկությունները՝ ազգային փոքրամասնություններ ունեցող ՀՀ դպրոցներում եզդիերենի ուսուցման և մայրենի լեզվի դասագրքերի հրատարակման վերաբերյալ:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը խոստացել է բարձրացված բոլոր հարցերը քննարկել ու տալ համաձայնեցված լուծումներ:
«Մենք Հայաստանում ապրող եզդիներին չենք դիտարկում սոսկ ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ, մենք եզդի ժողովրդի հետ քայլել ենք պատմության նույն ճանապարհով, և այդ երթը շարու ակվում է»,- իր խոսքում նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ Հայաստանի բոլոր ազգային փոքրամասնությունների երեխաներն իրավունք ունեն դպրոցում մայրենի լեզու սովորել:
Ընդառաջելով Հայաստանի եզդիների միության առաջարկությանը՝ Լևոն Մկրտչյանը խոստացել է համայնքի ներկայացուցչին ընդգրկել ՀՀ ԿԳ նախարարին կից հանրային խորհրդի կազմում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպում կազմակերպել նախարարի, նախարարության մասնագետների և եզդի ուսուցիչների հետ՝ քննարկելու կրթության բովանդակային խնդիրները: