Ինչո՞ւ է ֆեյսբուքից Հեղինե Բիշարյանի սիրտը խառնում
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը անդրադարձավ համայնքներում վախի մթնոլորտին, ճնշվածությանը, այնուհետև անցում կատարեց նոր կառավարությանը, նրա շուրջ բարձրացված աղմուկին:
Մասնավորապես, խոսելով նոր կառավարությունից, նշեց. «Վերջերս շատ քիչ եմ մտնում ֆեյսբուք, իմ ֆեյսբուքյան ընկերները կտեսնեն, որովհետև սիրտս խառնում է այն PR-ից, որ կատարվում է՝ խայտառակ, անմակարդակ: Ամեն ինչ տարափ է՝ կառավարությունը… ձերբակալություններ են լինելու: Ինձ թվում էր՝ էսօր մենք զոհեր կունենայինք, բայց ձեն-ձուն չկա: Եւ այդ ամբողջը այն կառավարության մասին է, որը 15 օր առաջ իրականացնում է այն, ինչ մենք այսօր ունենք: Այդ կառավարությունը, որ պետք է ստեղծվի, որը պետք է նոր որակներ բերի ու կարճ ժամանակում պետք է վերափոխվենք, դառնանք Սինգապուր, ապա ինչո՞ւ եք շտապել ու բերել այստեղ այս նախագիծը։ Գուցե այս կառավարությունը, որը մանկության ընկերություն է, ուսանողական ընկերություն է, չգիտեմ, նոր տեսակի, ինչ-որ նոր որակի կառավարություն է, գուցե իրենք իրենց ձեռագիրը դնեին այս նախագծի մեջ: Գուցե ինչ-որ բան այլ ճանապարհով գնար»:
Խոսելով համայնքներին տրվող դոտացիաների մասին՝ Հեղինե Բիշարյանն ասաց, որ իրականում այդ դոտացիաների տրամադրումից որևէ բան չի փոխվում: «Ես մասնակցում եմ ՏԻՄ ընտրություններին, տեսնում եմ՝ Գյումրիի բյուջեն 3.2 մլրդ, որից 2 մլրդ-ը դոտացիա է, Վանաձորի 2,2 մլրդ բյուջեից 1,3 մլն-ը դոտացիա է, բայց այդ տարածքներում արդեն փողոց չմնաց, մեր թեկնածուների հետ շրջել ու նայել ենք: Իսկ այնտեղ ասում են՝ այդ դոտացիաներով որևէ բան չի փոխվում, էլ չասեմ այն գյուղերի մասին, որտեղ ուղղակի խայտառակություն է»:
Նշենք, որ Ազգային ժողովում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանն ասել էր՝ համայնքի դոտացիաների վերահսկողությունը պետք է իրականացնի համայնքի ավագանին: Հեղինե Բիշարյանի դա համարում է անընդունելի:
«Ասում եք՝ ավագանին փրկի, այսօր եթե կառավարությանը բարձր աշխատավարձ ենք տվել՝ սաղ երկիրը թալանել է, 10 օր հետո բոլորի անունը որպես հանցագործ գրվում է, ո՞նց կարող է անվճար ավագանին գյուղը փրկի: Մի հատ հարցրեք՝ էդ ավագանին հացի փող ունի՞, որ 10 անգամ գնա, գա մարզկենտրոն, իջնի, բարձրանա, կոշիկը մե՞նք ենք առել… Եկեք առաջինը սկսենք նրանից, որ ավագանին պետք է ստանա աշխատավարձ, գյուղապետը՝ բարձր աշխատավարձ, պետք է նաև գյուղի բոլոր խնդիրները անձնագրավորվեն»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին