ԵԺԿ-ն հերքում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության լուրը
Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ջոզեֆ Դոուլը իր թվիթերյան միկրոբլոգում կատարած գրառմամբ հերքել է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության հրապարակած տեղեկատվությունը, համաձայն որի ԵԺԿ պատվիրակությունը պաշտոնական այցով երեկ ժամանել է Բաքու և հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Ես հերքում եմ «ԱՊԱ» գործակալության տարածած ապատեղեկատվությունը: ԵԺԿ-ի որևէ պատվիրակություն պաշտոնական այցով չի մեկնել Ադրբեջան»,-նշված է Ջոզեֆ Դոուլի թվիթերյան գրառման մեջ:
Երեկ Ադրբեջանի պետական «ԱՊԱ» գործակալությունը տեղեկություն էր հրապարակել, ըստ որի պաշտոնական այցով Բաքու է ժամանել Եվրախորհրդարանի անդամներից և եվրոպական տարբեր երկրների պատգամավորներից բաղկացած պատվիրակություն, որը գլխավորում է ԵԺԿ փոխնախագահ Մարիո Դավիդը:
Ըստ այդ տեղեկության՝ պատվիրակության ղեկավարը հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ, սահմանադրական հանրաքվեի անցկացման կապակցությամբ այցելել է մի շարք ընտրատեղամասեր, իր համոզմունքն է հայտնել Ադրբեջանի հետ հետագա արդյունավետ փոխգործակցության վերաբերյալ, ինչպես նաև քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված հարցեր՝ նշելով, որ ԵԺԿ-ն պաշտպանում է ԼՂ խնդրի կարգավորման հարցում Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը:
Նշենք, որ ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոուլը ևս մեկ գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոգում՝ հայտարարելով, թե Մարիո Դավիդն այլևս ԵԺԿ փոխնախագահը չէ:
«Հանրաքվեն դիտարկելու նպատակով Ադրբեջան մեկնած եվրոպացի գործիչները գործել են իրենց սեփական նախաձեռնությամբ, իսկ Մարիո Դավիդն այլևս ԵԺԿ-ի փոխնախագահը չէ»,-նշված է Ջոզեֆ Դոուլի գրառման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան