Ստամբուլում 17 տարվա ազատազրկման դատապարտված հայ գրողին հանձնել են իր «Վիլյամ Սարոյան» հուշամեդալը
«Ստամբուլում ձերբակալված հայ գրող, հրապարակախոս Սևան Նշանյանին է հանձնվել սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» հուշամեդալը»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը:
Նա մանրամասնեց, որ Սևան Նշանյանին հուշամեդալով պարգևատրման որոշումը կայացվել էր 2014 թվականին. «Նշանյանը գտնվում է բանտում, իսկ ընտանիքի անդամներն էլ ապրում են Կանադայում: Հուշամեդալն անձամբ նրան հանձնել չհաջողվեց, հանձնեցինք փաստաբանին»:
Պատգամավորը պատմեց, որ Նշանայանի ձերբակալվելուց հետո ստեղծվել էր «Սևան Նշանյանի արդարության և ազատության» միջազգային կոմիտե, որում բացի հայերից կան նաև Թուրքիայի ձախակողմյան և ցենտրիստական հայացքների տեր մարդիկ. «Հուշամեդալի հանձնումը տեղի ունեցավ սեպտեմբերի 23-ին Գալաթասարայի մշակույթի տանը, որտեղ ներկա էին թուրքական պառլամենտի հայ պատգամավորները: Թուրքական մամուլը, ինչպես նաև տեղի հայկական մամուլը բավականին մեծ անդրադարձ կատարեց սրան: Այդ միջոցառման ժամանակ հնչեց նաև Սևան Նշանյանի մոր տեսաուղերձը, որտեղ շնորհակալություն էր հայտնում կազմակերպիչներին»:
Ախոյանի խոսքով՝ սրանով փորձել են օգնել և զորակցել Սևան Նշանյանին:
ԱԺ պատգամավորը հիշեցրեց, որ Սևան Նշանյանին ձերբակալել էին իր սեփական այգում տուն կառուցելու համար և որոշել են դատապարտել 17 տարվա ազատազրկման. «Նրան ձերբակալելը երևի թե ինչ որ մեկի պատվերն է: Շատերն են նկատել , որ դա քաղաքական ենթատեքստ ունի, դրա մասին գրել են անգամ «Մարմարան» ու «Ժամանակը» »:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան