Առաջին անգամ խոսվելու է կրոնական տուրիզմի մասին. Վրույր Փենեսյան
«Երևանում հոկտեմբերի 28-ին անցկացվելու է «Welcome to Armenia» խորագրով զբոսաշրջային համաժողովը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց «Welcome to Armenia» ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանը՝ նշելով, որ համաժողովը բաղկացած է լինելու երկու մասից:
«Առաջին մասում պետական գերատեսչությունները ներկայացնելու են իրենց տեսլականը զբոսաշրջային տարբեր ուղղությունների զարգացման վերաբերյալ, մասնավորապես սպորտային, բնապահպանական, առողջապահական, մշակութային տուրիզմ և այլն: Յուրաքանչյուր ուղղությամբ էլ մենք պոտենցիալ ունենք, որը դեռ լիարժեք չենք օգտագործել»,-ասաց Փենեսյանը:
Համաժողովին անդրադառնալու են Հայաստանում տարածում չգտած զբոսաշրջության տեսակների մասին:
«Առաջին անգամ խոսվելու է կրոնական տուրիզմի մասին: Իմ կողմից առաջարկություն է լինելու, որպեսզի կազմակերպվի ուխտագնացություն դեպի Հայաստան: Ուխտագնացությունը տուրիզմի տարածված տեսակ է: Օրինակ՝ Իսպանիայում գտնվող Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում ամեն տարի ուխտագնացություն է կազմակերպվում, որը ապահովում է 100 հազարավոր զբոսաշրջիկների այց: Ահա նման նախագիծ էլ նախատեսում ենք Հայաստանում իրականացնել»,- տեղեկացրեց «Welcome to Armenia» ծրագրի համակարգողը:
Նրա խոսքով՝ Հայաստանն ունի տարածաշրջանում ամենամեծ աղի հանքը, այն ևս ներկայացվելու է տուրիստական փաթեթների շրջանակում. «Աղի հանքը բուժական վայր է, ունի 325 մետր խորություն, իսկ ցանկացողները կարող են 200-ից ավելի մետր խորությամբ իջնել, այնտեղ անցկացնել 3-4 ժամ և ստանալ իրենց բուժումը»:
Հաջորդ կետը վերաբերելու է գինեբուժությանը, որի առնչությամբ Փենեսյանն ասաց. «Հայաստանում գինեգործությունը մեծ թափ է հավաքում: Հայտնի է, որ գինի արտադրող ընկերություններն ունենում են անորակ գինի, որը չի համապատասխանում շշալցման պահանջներին, բայց դա կարող է օգտագործվել գինեբուժության մեջ: Զբոսաշրջիկներին կարող են գինու լոգանք առաջարկել»:
«Welcome to Armenia» ծրագրի համակարգողը հավելեց նաև, որ համաժողովին առաջ է քաշվելու մի նախագիծ, ըստ որի նախատեսվում է ստեղծել «Տուրիզմի աջակցման խորհուրդ», որում պետք է ընդգրկվեն նրանք, ովքեր իրեմց առաջարկներով օգտակար կարող են լինել Հայաստանում տուրիզմի զարգացմանը:
Սեպտեմբերի 27-ը Զբոսաշրջության համաշխարհային օրն է:
Հարակից հրապարակումներ`
- Զբոսաշրջություն. «Առաջին կիսամյակում կարող էինք ունենալ ոչ թե 2,4 տոկոս աճ, այլ ավելի շատ»
- Այս տարի Արցախում նկատվել է զբոսաշրջիկների քանակի նվազում. Արտակ Գրիգորյան
- Ըստ կանխատեսումների՝ 2016-ին Հայաստան կայցելի 5%-ով ավելի զբոսաշրջիկ. Մեխակ Ապրեսյան
- Արցախ. Տարեցտարի ավելացող զբոսաշրջիկների թվի ու մուտքի արտոնագրի ստացման մեխանիզմների մասին(լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան