«Արդարությունը Հայաստանում» հայտարարությանը միացածները չեն համարձակվում իրերն իրենց անունով կոչել. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադառնալով «Արդարությունը Հայաստանում» խորագրով հայտարարությանը, որը ստորագրել են Հայաստանի և Սփյուռքի հայտնի դեմքերը, գրել է. «Չգիտեմ, թե ինչ նկատի ունեն դիմումի հեղինակները, երբ խոսում են 2016 թվականի գարնան մասին։ Բայց նույն թվականի ամռանը տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ օգտագործել «ցնցումներ և բողոքի ակցիա» լղոզված ձևակերպումը, ինձ թվում է՝ սխալ է։ 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած զինված հարձակում ոստիկանական գնդի վրա, որի հետևանքով զոհվեցին իրենց պարտականությունը կատարող ոստիկանները։ Իսկ դրան հետևեցին ՊՊԾ գունդը շրջափակած ոստիկանական պատնեշները ճեղքելու և զինյալներին միանալու փորձերը։
Արդյոք դրանք «մարդու և քաղաքացիական իրավունքների կոպիտ խախտումներ» չե՞ն։ Ամբողջ ցավն այն է, իմ կարծիքով, որ դիմումը ստորագրված կամ չստորագրած մտավորականները, հասարակական, քաղաքական գործիչները չեն համարձակվում իրերն իրենց անունով կոչել, անել այդ պարզ արձանագրումները, որովհետև վախենում են ընկնել լյումպենացված զանգվածի «դռբի տակ», և դրանով իրենք են նպաստում հասարակության լյումպենացմանը ավելի շատ, քան ցանկացած հաղորդաշար՝ ռաբիս երգիչների մասնակցությամբ։ Փառք ու պատիվ այն մի քանի կուսակցություններին և անհատներին, որոնք խիզախություն են ունեցել հակադրվելու համընդհանուր «թրենդին»։
Մնացած պնդումները վերոհիշյալ տեքստում արդարացի են, և այդ բարի ցանկություններին, բնականաբար, արժե միանալ։ Իհարկե, լավ կլիներ, որ ոստիկանությունը փողոցներում մարդաորսով չզբաղվեր, որ դատավորները «վերևից զանգերի» չսպասեին, որ պաշտոնյաները չգողանային, որ ԿԸՀ-ն ընտրություններում հաղթող ճանաչեր այն մարդկանց, որոնք իսկապես ընտրվել են։ Թե ինչպես է դա հնարավոր՝ պետիցիայի հեղինակները չեն ասում։ Հուսով եմ, որ նրանք չեն կարծում, թե դա հնարավոր է անել «ազգի նվիրյալների հուսահատ քայլերով»։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան