Սպաների ցուցմունքների հիման վրա 6 զինծառայողի մինչև 8 տարվա ազատազրկում է սպառնում
ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում զինծառայողներից մեկի ծննդյան օրը պատուհաս է դարձել 6 ժամկետային զինծառայողների համար. նրանց այժմ սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում:
Դատական տեղեկատվական համակարգի ներկայացմամբ, պարտադիր ժամկետային զինծառայողներ Յուրի Հովհաննիսյանին, Արման Միքայելյանին, Վազգեն Մխեյանին, Արսեն Հակոբյանին, Հարություն Ասատրյանին և Հակոբ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայողներ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ծեծել են իրենց նկատմամբ պետ հանդիսացող կապիտան Կ. Խաչատրյանին:
Դեպքը տեղի է ունեցել այս տարվա մայիսի 16-ին, երբ զինծառայողներից մեկի ծննդյան կապակցությամբ հարազատները եկել են շնորհավորելու: Մեղադրյալ զինծառայող Վազգեն Մխեյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբան Նորայր Նորիկյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ ծննդյան տոնը նշելու ժամանակ տղաները ալկոհոլ են օգտագործել և երբ այդ մասին զեկուցվել է հրամանատարությանը, տեղի է ունեցել ընդհարում տղաների ու հրամանատարի միջև:
«Վաշտի հրամանատարը հայհոյել է ու դրանով հրահրվել է վեճը: Եթե «տուժող» սպան ցուցաբերեր հրամանատարին վայել կեցվածք և ժամանակին ձեռնարկեր իր իրավասություններից բխող քայլեր, այսօր նշված զինծառայողները չէին հայտնվի վանդակաճաղերից այն կողմ», -նկատեց փաստաբանը:
Դեպքից ութ օր անց միայն՝ մայիսի 24-ին է հարուցվել քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «Մի խումբ անձանց կողմից Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պետին (հրամանատարին) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը պետի (հրամանատարի) կամ նրա մերձավորի նկատմամբ»:
Նորիկյանի խոսքով, ըստ քրեական գործի նյութերի, ժամկետային զինծառայողների դեմ ցուցմունքներ են տվել բացառապես սպայական կազմից՝ վաշտի, գումարտակի և դասակի հրամանատարները:
«Հրամանատարը գիշերը ժամը 10:30-ին զրահաբաճկոնները հագցրել ու շարք է կանգնեցրել, հայհոյել է ու դրանից վեճ է սկսվել: Մեղադրական եզրակացությամբ պնդում են, թե տղաները 10 րոպե ծեծել են հրամանատարին, բայց նրա մարմնի վրա ոչ մի հետք չի եղել, բացի աչքի տակի կապտուկից», -ասաց Նորիկյանը:
Ինչ վերաբերում է իր պաշտպանյալ Վազգեն Մխեյանին, ապա փաստաբանի խոսքով, զինծառայողը ալկոհոլ օգտագործած չի եղել, ինչը փաստել է նաև դատաքիմիական փորձաքննությունը:
«Վազգեն Մխեյանի մասով մեղադրական եզրակացության մեջ ակնհայտ կեղծիք կա. Նա ոչ միայն ալկոհոլ չի օգտագործել, ինչը հաստատել է դատաքիմիական փորձաքննությունը, այլև տեղի ունեցած միջադեպի ընթացքում փորձել է օգնել տուժողի կարգավիճակ ստացած իր վաշտի հրամանատարին: Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իրավասու մարմինների կողմից առանձնակի ջանասիրություն է ցուցաբերվել 6 շարքային զինծառայողներին ծանր հանցագործության մեջ մեղադրելու և երկար տարիներով ազատազրկման դատապարտելու համար: Բացի այդ, Ռազմական ոստիկանությունը դրական բնութագիր է տվել զինծառայողների վերաբերյալ, իսկ զորամասի հրամանատարական կազմը՝ բացասական: Որոշել են երեխեքից վրեժխնդիր լինել», -նկատեց փաստաբան Նորիկյանը:
Այժմ ըստ փաստաբանի, 6 զինծառայողի սպառնում է նվազագույնը՝ 4, իսկ առավելագույնը՝ մինչև 8 տարվա ազատազրկում: Քրեական գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, և հոկտեմբերի 5-ին դատավոր Դավիթ Սարգսյանի նախագահությամբ կկայանա այս գործով առաջին դատական լսումը:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան