Հովիկ Աբրահամյանը չի հանձնել իրեն ուղեկցող ՊՊԾ մեքենաներից մեկը. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրել է, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի հանձնել իրեն ուղեկցող պետական պահպանության ծառայության փարոսիկներով (միգալկաներով) մեքենաներից մեկը (թերթը հրապարակել է համապատասխան լուսանկարը)։
«Անցած օրերին այդ մեքենան կանգնած էր Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ գտնվող նրա առանձնատան բակում։ Վարչապետ եղած ժամանակ, երբ Աբրահամյանը տանն էր լինում և պատրաստվում էր դուրս գալ, նրան ուղեկցող այդ մեքենաները սովորաբար դրսում՝ այգու հարակից տարածքում էին սպասում»,-գրել է թերթը։
ՀԺ-ն երեկ փորձել է կառավարությունից պաշտոնական մեկնաբանություն ստանալ, թե Հովիկ Աբրահամյանը Կարեն Կարապետյանին փոխանցե՞լ է վարչապետին ուղեկցող մեքենաները, բայց ողջ օրվա ընթացքում թերթին այդպես էլ պատասխան չեն տրվել։
«Հիշեցնենք, 2011թ. նոյեմբերին էլ, երբ Աբրահամյանը հրաժարական էր տվել ԱԺ նախագահի պաշտոնից, ԱԺ նախագահին ուղեկցող 2 մեքենաներից մեկը չէր հանձնել։ Այն ժամանակ մամուլում հրապարակումներ եղան, թե նա Սերժ Սարգսյանին ուղղակի խնդրել է թույլ տալ այդ մեքենան մնա իր մոտ և իրեն ուղեկցի։ Ավելին, այդ ժամանակ խոսվում էր, որ նա գնել էր ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի թանկարժեք կրկնօրինակը, բայց արդեն զրահապատ։ Նա անգամ այդ մեքենայի վրա համարանիշ չէր կպցնում, որ իրավունք ունեն ընդամենը մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Եվ երբ նա այդ և ուղեկցող մեքենայով հայտնվում էր փողոցում, տպավորություն էր ստեղծվում, թե ԱԺ նախագահն է անցնում։ Իհարկե, շատ դժվար է հրաժարական տալ վարչապետի պաշտոնից և հետագա պաշտոնավարման որևէ հույս չունենալ։ Բայց որպես այդ ամենի մխիթարանք, գոնե կարելի է ունենալ ուղեկցող միգալկաներով մեքենա, որ երթևկության մեջ գտնվող մարդիկ տեսնեն և հասկանան, որ անցնողը շարքային մարդ չէ։ Ի դեպ, թերթի տեղեկություններով, Աբրահամյանն արդեն վերադարձել է Դուբայից, որտեղ նա մեկնել էր պաշտոնանկությունից անմիջապես հետո»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին