Արցախում 150 մանուկներ կայցելեն վերակառուցված մանկապարտեզ
Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում բացվել է մանկապարտեզի վերակառուցված շենքը: Միջոցառման ժամանակ հյուրերին են ներկայացվել ֆրանսահայ և ռուսաստանահայ բարերարների համատեղ ուժերով կատարված աշխատանքները, որոնց շնորհիվ շրջկենտրոնի շուրջ 150 մանուկներ արդեն հաճախում են բարեկարգ մանկապարտեզ:
Արցախի կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչապետ Արայիկ Հարությունյանը «Էսպեէֆա» բարեգործական կազմակերպության անդամներին և Ֆրանսիական Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել ֆրանսահայ ու ֆրանսիացի գործիչներին տարբեր նախագծերում իրենց մասնակցության համար:
Կառավարության ղեկավարը կատարված աշխատանքը համարել է երկարաժամկետ ներդրում Արցախի կրթության ու ժողովրդագրության մեջ:
«Համոզված եմ, որ ձեր կազմակերպության ծրագրերը շարունակական կլինեն առաջիկայում ևս՝ ժամանակի ընթացքում ընդգրկելով ավելի շատ ոլորտներ և բնակավայրեր: Իսկ կառավարությունը միշտ պատրաստ է խորը համագործակցության ձեր ծրագրերի կյանքի կոչման ճանապարհին»,-ասել է վարչապետը:
Ա. Հարությունյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Ֆրանսուա Ռոշբլուանին՝ Արցախի քաղաքական և հասարակական կյանքի մեջ ունեցած ակտիվ դերակատարության համար:
Իր հերթին Ֆ. Ռոշբլուանը պատրաստակամություն է հայտնել մշտապես ներկայացնել Արցախի շահերը Ֆրանսիայում՝ հանուն արդարության և Արցախի ժողովրդի խաղաղության ու բարեկեցության:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան