Շահերի բախումները գնումների համակարգում մեծանում են. Մոնիտորինգ
Թրանսփարենսի ինթերնեյշընլ (ԹԻ) ընկերությունը ուսումնասիրել է 2015-2016թթ. Հայաստանի պետական գնումների համակարգը, դրանցում առկա կոռուպցիոն ռիսկերը և պարզել, որ պետական բյուջեից ավելորդ գումարներ են ծախսվում գնումների գործընթացի վրա:
Այսօր մոնիտորինգի արդյունքների ներկայացման ժամանակ ԹԻ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց, որ ուսումնասիրությունը կատարվել է գնումների համակարգի 3 ուղղություններով՝ բողոքարկումների համակարգ, շրջանակային համաձայնագրեր, մեկ անձից կատարվող գնումներ:
Հոկտանյանը այդ ոլորտները որակեց «զգայուն» և ասաց, որ իրենց նպատակը այդ ոլորտում կոռուպցիոն ռիսկերը վեր հանելն ու դրանք նվազեցնելն ու չեզոքացնելն է:
«Հաշվի առնելով մեր տնտեսության կառուցվածքը պետք չէ ակնկալել որ բավականին մեծ դեր ունեցող մոնոպոլիաներն ու օլիգոպոլիաները, կբերեն գնումների այլ համակարգեր: Երբ մենք ունենք մոնոպոլիաների և օլիգոպոլիաների գերիշխում, կոռուպցիայի մակարդակը չի կարող ցածր լինել», -նկատեց Հոկտանյանը:
Ավելին, ըստ Հոկտանյանի, գնումների համակարգի վրա մեծ ու բացասական ազդեցություն ունեն տնտեսության և քաղաքականության սերտաճումը, ինչը Հայաստանում կա ու այն վերացնելու «քաղաքական կամք դեռ չկա»:
ԹԻ գնումների քաղաքականության գծով փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանի ներկայացրած տվյալներով Հայաստանի պետական բյուջեի մոտ 30 տոկոսը կամ 430 մլրդ դրամ, ուղղվում է պետական գնումներին, մինչդեռ այն հնարավոր էր խնայել:
Օրինակ, ըստ Մանուկյանի, փաստաթղթերը արխիվացնելու համար պետբյուջեից խոշոր գումարներ են ծախսվում կրիչների, թղթապանակների ու այլ պիտույքների գնման համար, մինչդեռ դրանք կարելի էր խնայել՝ ստեղծելով էլեկտրոնային համակարգ:
«Ի՞նչն է խանգարում կիրառել նորագույն տեխնոլոգիաներ, ստեղծել այքլաուդ համակարգ ու այդտեղ ներբեռնեք, օգտագործեք: Ինչո՞ւ եք դրա համար գումարներ ծախսում», -նկատեց Մանուկյանը:
Ուսումնասիրությունների ընթացքում մեկ այլ նրբություն էլ են նկատել. ԼՂՀ-ում շատ գրանցված ընկերություններ են մասնակցում Հայաստանում իրականացվող գնումներին: Մանուկյանն այս փաստն ընդգծեց, քանի որ պետական ռեգիստրի գործակալությունում («E-register») ԼՂՀ-ում գրանցված ընկերության վերաբերյալ հավելյալ տեղեկություններ չեն նշվում, հստակ չէ, թե ով է դրա սեփականատերը:
«Այս իմաստով սեփականատերերին հայտնաբերելը խնդիր է: Մենք առաջարկում ենք թափանցիկ դարձնել ամեն ինչ, ներդաշնակեցնել համակարգը», -նշեց Մանուկյանը:
Մյուս խնդիրը, որ նկատել են մոնիտորինգի ընթացքում, այն է, որ թափանցիկ չէ և գնումների համակարգում չի նշվում պահեստի մնացորդները, օրինակ, դեղերի պարագայում: «Ի՞նչն է խանգարում, որ մենք իմանանք, մեզ համար պարզ ու թափանցիկ լինի տեղեկությունը, թե ասենք՝ «ԲՑԺ» պատվաստանյութը օգտագործելուց հետո որքան է մնում առողջապահության նախարարության պահեստում», -նշեց տնտեսագետը:
Ինչ վերաբերում է գնումների բողոքարկմանը, ապա դրանց մեծ մասը, ըստ Մանուկյանի, մերժվում են և առանց հիմնավորումների: Ապրիլյան պատերազմը, նրա խոսքով, պաշտպանական համակարգում կատարված գնումների ոլորտում փոփոխություն կատարել է. «Ակնհայտ է, որ ապրիլյան պատերազմը գնումների բողոքարկման համակարգի վերաբերյալ վստահությունը մեծացրել է և դրա ապացույցն այն է, որ ՊՆ-ի դեմ ներկայացված բողոքները էականորեն ավելացել են ապրիլից հետո»:
Մանուկյանը եզրակացրել է՝ շահերի բախումները գնումների համակարգում մեծանում են, և «սև ցուցակում» ընկած մասնակիցները աստիճանաբար ավելանում են:
Հայաստանյան գնումների համակարգին հատուկ մյուս խնդիրը, ըստ Մանուկյանի, մեկ անձից կամ անձին պատկանող ընկերությունից գնումներ կատարելն է: Օրինակ, Հայաստանում մեդալները ձեռք են բերվում միայն «Գնոմոն» ոսկերչական ընկերությունից: Մանուկյանը նկատեց, որ կարելի է մրցույթ չհայտարարել և շրջանակային համաձայնագրով մեդալները գնել միայն այդ ընկերությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան