Բոլոր տաքսի ծառայությունները պետք է աշխատեն հավասար դաշտում. Նախարար
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել լիցենզիաների տրամադրման գործընթացը պարզեցնելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի ամփոփիչ նիստը։
ՏԿ նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նիստի աշխատանքներին մասնակցել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը, նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, աշխատանքային խմբի անդամները, նախարարության համապատասխան վարչությունների մասնագետներ, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ։
Քննարկմանը հրավիրված են նաև առցանց տաքսի ծառայություն մատուցող կազմակերպությունների ղեկավարները, ոլորտին առնչվող հասարակական կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը նշել է, որ նմանատիպ հանդիպումները շատ կարևոր են, քանի որ բոլոր շահագրգիռ կողմերը հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց առաջարկությունները և տեսակետները:
Քննարկման ընթացքում առաջարկություններով հանդես են եկել «Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը, Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը և այլք։
Ներկայացված առաջարկությունները վերաբերել են առցանց (օնլայն) տաքսի ծառայության պատվերներ իրականացնող կազմակերպությունների և նրանց ծառայություններից օգտվող սուբյեկտների կարգավիճակի հստակեցմանը, տաքսի ծառայությունների մատուցման որակին, անվտանգությանը, հավասար դաշտում աշխատելու հնարավորություններին:
Կարևորելով նիստի ընթացքում բարձրացված հարցերը՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը շեշտել է, որ ոլորտում իրականացվող փոփոխություններն ուսումնասիրությունների և շարունակական վերլուծության կարիք ունեն:
«Համոզված եմ, որ ոլորտի ներկայացուցիչների հանդիպումները պետք է լինեն մշտական՝ հետագա քննարկումներին ընդգրկելով հնարավորին շատ շահագրգիռ այլ անձանց և կազմակերպությունների ներկայացուցիչների: Բոլորը պետք է աշխատեն հավասար դաշտում. դա առաջին պայմանն է, որին պետք է ձգտել»,-շեշտել է նախարարը:
Նաև տեղեկացրել է, որ աշխատանքային խմբի գործունեության ընթացքում ձևավորված առաջարկությունները քննարկվելուց և մշակվելուց հետո կներառվեն օրենսդրական փոփոխությունների փաթեթում:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան