Սպառողների իրավունքների պաշտպանն իրավապահների ուշադրություն է հրավիրում «Forpostart production» ընկերության գործունեության վրա
«Լենինգրադ» խմբի երևանյան համերգը չեղյալ հայտարարելուց հետո «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Հայաստանի իրավապահ, հարկային մարմինների, կառավարության ուշադրությունը հրավիրում է համերգների կազմակերպմամբ զբաղվող «Forpostart production» ընկերության գործունեության վրա:
Հիշեցնենք, որ սա նույն ընկերությունն է, որ կազմակերպում էր իտալացի հանրահայտ երգիչ Էրոս Ռամազոտիի համերգը:
Ռամազոտիի համերգի տոմսեր գնած քաղաքացիների մեծ մասին մինչ այս պահը (համերգը պետք է կայանար այս տարվա ապրիլին) չեն վերադարձվել տոմսերի գումարները: Ավելի վաղ չեղյալ էր հայտարարվել այս ընկերության կողմից կազմակերպվող Իրինա Ալեգրովայի երևանյան համերգը:
Ռամազոտիի համերգի տոմսեր գնած քաղաքացիները դիմել են դատարան՝ գումարները վերադարձնելու պահանջով, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 30-ին տեղի կունենա դատական առաջին նիստը:
«Ռամազոտիի համերգը չեղյալ հայտարարելուց հետո պետական որևէ կառույց չգնաց ուսումնասիրություն կատարելու, թե այդ ընկերությունը քանի՞ տոմս էր վաճառել, վաճառքից գոյացած գումարից ինչքա՞ն է ծախսել, ընկերության հաշվեհամարին որքա՞ն գումար կա: Ավելին այս նույն ընկերությունը փորձ արեց «Լենինգրադ» խմբի համերգը կազմակերպել: Այսինքն այս ընկերությունը սպառողներին պարբերաբար խաբում է»,-պետական մարմինների անհրաժեշտ քայլերը մատնանշեց ՀԿ նախագահը:
Բ. Պիպոյանի խոսքով, իրավապահները պետք է ուսումնասիրեն, արդո՞ք այս ընկերության գործունեությունը տնտեսական հանցագործություն չէ:
«Հարկային մարմինները պետք է պարզեն վաճառքի ծավալները, ծախսերը: Կառավարությանը հորդորում եմ նմանատիպ պրոցեսների նկատմամբ լինել ուշադիր, տնտեսվարողը չպետք է կայանա սպառողների հաշվին: Նման համերգների կազմակերպման գործում մշակույթի նախարարությունը ձեռքերը լվացել ու հետ է կանգնել: Էս երկրում ո՞վ ինչ ուզի, կարող է անել: Ես վաղը կարող եմ հայտարարել, որ Ռեյ Չարլզին բերում եմ Հայաստան: Ովքեր չիմանան նա մահացել է, տոմս առնեն, տոմսերը վերցնե՞մ, փախնե՞մ»,-ասաց նա:
«FORPOSTART PRODUCTION» ընկերության «Ֆորպոստարտ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Զարինե Մխեյանը Panorama.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան մասնավորապես նշել է. «Էրոս Ռամազոտտիի համերգի չեղյալ հայտարարման պահին իրացվել էր համերգի տոմսերի մոտ 30%-ը: «FORPOSTART PRODUCTION» ընկերությունը՝ իր կողմից իրականացվող այլ պրոյեկտներից ստացված շահույթի հաշվին, ս/թ սեպտեմբերի 2-ին մեկնարկեց Էրոս Ռամազոտտիի չեղարկված երևանյան համերգի տոմսերի վերադարձի գործընթացը` փուլային կարգով: Երկրորդ փուլն իրականացվեց ս/թ սեպտեմբերի 15-ին, որին կհաջորդեն ևս 3 փուլեր: Այս պահի դրությամբ իրականացվել է համերգի իրացված տոմսերի մոտ 10%-ի վերադարձ և գումարների փոխահատուցում քաղաքացիներին… Գործընթացի ավարտի ստույգ ժամկետներ նշել չենք կարող, քանի որ գործընթացի իրականացումը կախված է մի շարք հանգամանքներից: Սակայն ակնկալվում է այն ավարտել մինչև տարեվերջ»:
Բաբկեն Պիպոյանն այս առումով ընդգծում է, սպառողին չի հետաքրքրում, թե ում հետ ինչ պայմանավորվածություն ունի ընկերությունը, ինչ ֆինանսական միջոցներով է վերադարձնում տոմսերի գումարները:
«Դա սպառողի խնդիրը չի՝ ինքը պայմանագիր ունի ռուսական ընկերության հետ, ռուսականը՝ իտալականի...: Մեզ հետաքրքրում է մի բան՝ սպառողին պետք է վերադարձվի տոմսի գումարը: Հիմա չի բացառվում, որ իտալական ընկերությունն էլ պայմանագիր ունենար բելգիական ընկերության հետ, վերջինս էլ պայմանագիրը կնքած լիներ Բրեդ Փիթի ու Անջելինա Ջոլիի ամուսնության վկայականով, նրանք էլ հիմա ամուսնալուծվել են, վկայականը չկա, սպառողի ի՞նչ գործն է»,-ասաց նա:
ՀԿ նախագահի խոսքով, կառավարությունը՝ մասնավորապես մշակույթի նախարարությունը պետք է մշակի ու ընդունի ընթացակարգ՝ սահմանելով, թե ովքեր կարող են զբաղվել համերգների կազմակերպմամբ, որ դեպքերում է ընկերությանն արգելվում նման գործունեությամբ զբաղվել:
«Պետք է կանոնակարգել իրավահարաբերությունները, տնտեսվարողը չի կարող ինչ ուզի՝ սպառողի գլխին բերի: Հարկային մարմիններին խնդրում եմ պարզել, թե ինչքան տոմս է վաճառել ընկերությունը, ինչքան ծախս է արել, կար ակտիվներում այնքան գումար, որպեսզի կարողանար վերադարձնել քաղաքացիների տոմսերի գումարը: Իրավապահ մարմիներին հորդորում եմ ուսումնասիրել, հասկանալ, արդյոք այդ ընկերության գործունեության մեջ հանցակազմ չկա: Առաջին դեպքը չէ, որ համերգը չի կայանում, ժամկետներն է խախտում»,-նշեց Պիպոյանը, նման գործունեությունն անընդունելի համարելով:
Հարակից հրապարակումներ`
- «Լենինգրադ» խմբի երևանյան համերգը չի կայանա
- Ռամազոտիի համերգի տոմսեր գնած քաղաքացիների գործով դատական նիստի օրը հայտնի է
- Ռամազոտիի համերգի տոմսեր գնած քաղաքացիները կդիմեն դատարան
- Ռամազոտիի համերգի տոմսեր գնած քաղաքացիների փոխհատուցումը կիրականացվի մայիսի 26-ից հուլիսի 26-ը
- Ռամազոտիի տոմսերի պահով «Ֆորպոստարտ Պրոդաքշըն»-ը իր խնդիրները շարունակում է ներկայացնել որպես գնորդներինը
- Շանհայից՝ սիրով՝ երևանյան Ռամազոտիին
- Զառա Մխեյան. Ռամազոտիի համերգի չեղյալ լինելու դեպքում վնասները հատուցման պատասխանատվություն չենք կրում
- Դ. Գրիգորյան. Էրոս Ռամազոտիի երևանյան համերգի տոմսերի վաճառքը շարունակվում է