Ռոշբլուան. Ամեն անգամ հուզվում եմ՝ այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը: Այնուհետև նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և ծանոթացել ցուցանմուշներին:
Ֆրանսուա Ռոշբլուանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում, եղևնի տնկել Հիշողության պուրակում:
«Ես ամեն անգամ հուզվում եմ՝ այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Կուզենայի հատուկ շեշտել, որ այս ծառը ոչ միայն իմ անունից է տնկված, այլև Ֆրանսիայի բոլոր այն պատգամավորների, ովքեր կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող օրենքի նախագծին»,-ասել է պարոն Ռոշբլուանը և կարևորել Հայոց ցեղասպանության և առհասարակ բոլոր ցեղասպանությունների դատապարտումը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին