Վահե Շահվերդյանի համար թատրոնը հոգևոր տաճար է. Ն.Շահնազարյան
Հոկտեմբերի 4-8-ը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում լինելու են հոբելյանական ներկայացումներ՝ նվիրված ականավոր բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի ծննդյան 70 և բեմական արարման 50- ամյակներին: Լրագրողների հետ հանդիպմանը Վահե Շահվերդյանն ասաց, որ ցուցադրվելու են հինգ ներկայացում՝ Վ.Շեքսպիրի «Արքա լիր», Ա. Շիրվանզադեի «Պատվի համար», Գ.Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը», Ա.Բայանդուրյանի «Աշնանային իրիկնամուտ» (ներկայացումը նվիրվում է արտիստուհի Ռոզա Մխիթարյանի 85-ամյակին), Ն. Շահնազարյանի «Վարագույրը չի փակվի»: Վերջինս պրեմիերան է լինելու:
«Այս անգամ մտածեցի խախտել ավանդական հոբելյանական երեկոյի ձևաչափն ու որոշեցի անել իմ վերջին տարիների բեմադրությունների շաբաթ»,- ասաց Վ. Շահվերդյանը:
Նա նշեց, որ սկզբից ընտրված էր ավելի մեծ ծրագիր, բայց հիվանդության պատճառով որոշեց թեթևացնել այն:
Խոսելով Նելլի Շահնազարյանի «Վարագույրը չի փակվի» ներկայացման մասին, Վ.Շահվերդյանն ասաց, որ այն նվիրված է դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանին:
«Երբ կարդացել է պիեսը, Վարդուհի Վարդերեսյանն ասել է, որ արդեն ի վիճակի չէ նման ծանրություն վերցնել իր վրա ու նշել է, որ այդ դերը կարող է խաղալ միայն Գրետա Մեջլումյանը: Չեք տեսնի կոնկրետ Վարդուհի Վարդերեսյանին, նրա կենսագրությունը չէ, այլ մեծ դերասանուհու կենսագրություն է, այսինքն՝ կարելի է տեսնել և Վարդուհի Վարդերեսյանին, և Սիրանույշին, և Մետաքսյային: Դերասանուհու կյանքն է ներկայացնում»,- նշեց բեմադրիչը:
Ասուլիսին ներկա դրամատուրգ Նելլի Շահնազարյանն ասաց, որ չգիտի որևէ մեկին, ով այդպես իր ամբողջ էությամբ տրվեր ու տրվի թատրոնին, ինչպես անում է Վահե Շահվերդյանը:
«Ըստ իս՝ թատրոնը նրա համար եղել է հոգևոր տաճար և այդ տաճարին վերաբերվել է հավատացյալի երկյուղածությամբ: Սունդուկյանի թատրոնում աշխատելու տարիները պարզապես ինքնանվիրման, ինքնազոհաբերման տարիներ էին: Եթե ներկայացում էր բեմադրվում, թատրոնից տուր չէր գնում: Շահվերդյանի համար բեմադրություն անելը ծիսակատարության նման մի բան է: Եթե ապրում է, ուրեմն արարում է, առանց ստեղծագործելու անհնար է նրան պատկերացնել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Վահե Շահվերդյանը նոր շնչառություն է առել, նոր գործեր է բեմադրում:
Ասուլիսին ներկա ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոևի խոսքով, Վահե Շահվերդյանի վարագույրը չի փակում, նա երկար է մնալու հայ թատրոնի պատմության մեջ:
ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանի խոսքով, բարեբախտություն է, որ աշխատում է նման բեմադրիչի հետ:
«Գործ ունեմ այնպիսի անձնավորության հետ, որին երևի բոլորը չեն կարողանում ըմբռնել, հասկանալ: Իմ ուսուցիչն է եղել: Ինքն իր բեմադրություններում բերում է հեքիաթ, պոեզիա, վեր է կենցաղից»,- ասաց նա: