Գյուղնախարար. Աղավնաձորցիներն առաջիկայում կստանան իրենց գումարները
«Մենք ոչ թե պետք է խնդրենք, որպեզի խաղողը մթերվի, այլ աշխատենք, զարգանանք, խնդրելով առաջ չենք գնա, խնդրելով ընկերությունները սնանկացան»: Նախորդ տարի մթերված խաղողի գումարները դեռ չստացած աղավնաձորցիների հետ հանդիպմանն ասել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
«Մենք գիտակցում ենք, որ սա գյուղացու համար օրվա հացի խնդիր է, դուք ամբողջ տարին հողին նվիրված աշխատել եք, այսօր ունեք բազմաթիվ պարտքեր, ուստի կառավարությունը միջամտել է խնդրին, և «Վեդի Ալկոն» իր բոլոր պարտավորություններն առաջիկայում ամբողջությամբ կկատարի: Սակայն անհրաժեշտ է խաղողի մթերումների խնդրին համակարգային լուծում տալ և այս իրավիճակից համատեղ ուժերով ելքեր գտնել, որպեսզի ամեն տարի չբախվենք նույն հարցի հետ»,-իր խոսքում նշել է նախարար Առաքելյանը:
Գյուղացիների հետ հանդիպմանը ներկա է եղել նաև «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը:
Նախարարը տեղեկացրել է աղավնաձորցիներին, որ նախորդ տարվա խաղողի մթերումների դիմաց վճարումների կատարման խնդիրը կառավարության աջակցությամբ լուծվել է, և գյուղացիներն առաջիկայում կստանան իրենց գումարները:
ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նախարարը նշել է, որ վերամշակողը պետք է կարողանա մրցակցային գներով մտնել շուկա, իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի գյուղմթերքն էժան լինի:
Այս համատեքստում նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել բերքատվության բարձրացման և խաղողի ինքնարժեքի իջեցման ուղղությամբ: Նա առաջարկել է սերտորեն համագործակցել մասնավոր ներդրողների և ԳԱՄԿ-երի հետ` այգիներում նորագույն տեխնոլոգիաներ ներդնելու և մշակությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:
Որպես լուծման տարբերակ` Իգնատի Առաքելյանը նաև առաջարկել է աղավնաձորցիներին քննարկել միավորվելու միջոցով գինու արտադրության փոքր գործարան հիմնելու հնարավորությունը` ընդգծելով, որ պետությունը պատրաստ է աջակցել, բիզնես ծրագիր կազմել և ներդրողներ գտնել:
Հանդիպման ընթացքում գյուղացիները մտահոգություն են հայտնել, որ հանրապետությունում ավելի շատ «Արենի» տեսակի գինի է արտադրվում, քան մարզն «Արենի» տեսակի խաղող է արտադրում, այնինչ խաղողի այդ սորտն աճեցվում է միայն Վայոց ձորում: Նախարարը խոստացել է, որ հարցն անպայման ուսումնասիրության առարկա կդառնա, անհրաժեշտության դեպքում խնդրին օրենսդրական լուծում կտրվի և վերահսկողություն կիրականացվի այդ ուղղությամբ:
«Անհրաժեշտ է ճանապարհ գտնել, որպեսզի գյուղացին և վերամշակողն իրար հետ կարողանան աշխատել և երկուստեք փոխեն իրենց մտածելակերպը: Պետության գործառույթն օրենսդրական դաշտի կարգավորումն է, մնացած հարցերը պետք է կարգավորեն արտադրողն ու վերամշակողը, ասոցիացիաներ ստեղծեն, միավորվեն, մինիմալ գին սահմանեն և այլն»,-ասել է Առաքելյանը:
Նախարարը հավելել է, որ «Արենին» այն խաղողի սորտն է, որն անպայման անհրաժեշտ է պահպանել, և եթե օրենսդրական դաշտի միջոցով հնարավոր լինի այդ հարցը լուծել, ապա թե' խաղող արտադրողը, թե' վերամշակողը և' գնի, և' մթերման հարցում խնդիրներ չեն ունենա:
Հարակից հրապարակումներ`
- Աղավնաձորցիները պատրաստ են դիմել ծայրահեղ քայլերի. Ն.Զոհրաբյան
- Աղավնաձորցիներից մթերված խաղողի պարտքի հարցը առաջիկա 15 օրում կլուծվի. վարչապետ
- Սեպտեմբերի 1-ին դպրոցական զանգ չի հնչել Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում
- Քաղցրաշենցիներին մթերած խաղողի գումարները խոստացել են սեղմ ժամկետում վճարել
- Տափերականցիները պահանջում են վճարել մթերած խաղողի դիմաց
- Լուսառատցիները պահանջում են վճարել մթերած խաղողի դիմաց
- Մինչև տարեվերջ կհետաձգվեն խաղող մթերած գյուղացիների վարկերի մարումը. Արթուր Ջավադյան
- Բողոքի դուրս եկած աղավնաձորցիների հետ այսօր հանդիպման կգնա նախարարը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան