Էդ. Շարմազանով. Սեպտեմբերյան բարեփոխում է, որի մեկնարկը տրվել է սահմանադրական հանրաքվեով
Այս շաբաթվա ընթացքում կառավարությունն ամբողջովին ձևավորված կլինի: Մեկ-երկու օրում հարցը կլուծվի,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ ժամկետները չեն խախտվել, ուշացում չկա:
«Արտաքին գործերի և պաշտապանության նախարարների նշանակումը նախագահի լիազորության շրջանակում է, նախագահն, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, համոզված եմ, որ ժամկետների մեջ կնշանակի»,- նշեց նա:
Հարցին, թե ինչպիսի՞ տրամաբանություն է գործում, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահմայանի կադրերից որոշները մնացին նոր կառավարությունում, որոշները փոխվեցին, Էդ. Շարմազանովն ասաց, որ խնդիրն անձերի մեջ չէ:
«Բոլոր նրանք, ովքեր կարող են լավագույնս կատարել կառավարության նոր ծրագիրը և կառավարության առաջնորդի, նախագահի, Հանրապետականի ծրագրերը, նրանք այսօր նշանակվել են »,- հավելեց նա:
Պատասխանելով հարցին, թե վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է պրիմիտիվ գողության, բիզնես խլելու մասին, իսկ դուք էլ հայտարարում եք, որ հին և նոր կառավարությունների քաղաքական պատասխանատուն եք, այդ կառավարության քաղաքական տերը ՀՀԿ-ն է, սրա տե՞րն էլ եք, ՀՀԿ խոսնակն ասաց. «ՀՀԿ-ն Վազգեն Սարգսյանի կառավարությունից սկսած մինչ օրս բոլոր դրականի և բացթողումների տերն է: Քաղաքական պատասխանատուն պետք է տարբերակել քրեական պատասխանատվությունից: Երբ ասում ենք քաղաքական պատասխանատվություն, դրա քննությունը հանձնվում է ընտրությունների ժամանակ: Մենք պատասախանատու ենք: Սահմանադրական բարեփոխումներից հետո կուսակցությունների դերակատարումը շեշտակի ավելացել է: Բնականաբար, ցանկացած գործչի գործողությունները պայմանավորված պետք է լինեն ոչ միայն նրա անձնական սխալներով, այլ դրա համար պետք է նաև պատասխանատվություն կրի այն քաղաքական ուժը, որը նշանակել է այդ պաշտոնյային այդ պաշտոնում»:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է վարչապետը խոսում պրիմիտիվ գողության մասին, բայց որևէ քայլ դրան չի հետևում, իրավապահ մարմները որևէ կերպ դրան չեն արձագանքում, ԱԺ փոխնախագահը նախ ասաց, որ հնարավորություն կլինի այդ հարցն ուղղել վարչապետին, ապա հավելեց, որ նա խոսել է ընդհանուր և փիլիսոփայության մասին:
«Նորմալ է, որ խոսում է բաց և հրապարակային: Կոնկրետ հանցագործության մասին չէ, այլ խոսել է փիլիսոփայության մասին, որ կան խնդիրներ, պետք է ավելի արդյունավետ աշխատել»,- ասաց Էդ. Շարմազանովը:
Հարցին, թե որտե՞ղ եք տեսնում նախկին վարչապետը Հովիկ Աբրահամյանին, նաև Գագիկ Խաչատրյանին և պաշտոնաթող մյուս նախարարներին, նա ասաց, որ Գ. Խաչատրյանը ՀՀԿ-ական չէ, նրա ճակատագրի մասին ոչինչ չի կարող ասել, իսկ Հ. Աբրահամյանը ՀՀԿ փոխնախագահն է, առանցքային գործիչներից մեկն է, տեսնում է նրան ՀՀԿ-ում:
Պատասխանելով հարցին, որ նախօրեին ԱԺ ամբիոնից հայտարարեցիք, որ սեպտեմբերյան հեղափոխություն Հայաստանում չի եղել, ո՞ւմ էր ուղղված ձեր խոսքը, ԱԺ փոխնախագահն ասաց. «Բոլոր մեր քաղաքացիներին, ովքեր կարծում էին, որ Հայաստանում նոր կառավարությունը հնի շարունակողը չէ, լրիվ նոր կառավարություն է, քաղաքական պատասխանատուն այլ է, այդպես չէ: Բոլոր նրանց, ովքեր կարծեցին, որ սեպտեմբերյան կառավարության փոփոխությունը հեղափոխություն է, հնի ջնջում: Սա շարունակականություն է, նոր էջ է, նոր բարեփոխում է: Սեպտեմբերյան բարեփոխում է, փոփոխությունների փուլ է, որի մեկնարկը տրվել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեով և նախագահի փետրվարի 12-ի ելույթով»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին