Վարչապետը մեծ հույսեր է կապում առողջապահության ոլորտի մասնագետների հետ
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանին և մաղթել արդյունավետ աշխատանք:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արմեն Մուրադյանին կատարած աշխատանքի համար:
Կարեն Կարապետյանը, գնահատելով այն պատվավոր և անհրաժեշտ աշխատանքը, որ իրականացվում է առողջապահության բնագավառում, նշել է, որ պետք է վերանայել կառավարման կառուցվածքը՝ առավելագույնս օպտիմալացնելով այն:
«Յուրաքանչյուր գումար, որը ներդրվում է առողջապահության ոլորտում, պետք է ունենա տրամաբանություն և արդյունավետություն: Անհրաժեշտ է ստեղծել արդարացի և թափանցիկ միջավայր, որտեղ բաշխվում են պետական բյուջեի միջոցները, պետպատվերները»,-ասել է վարչապետը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, կարևորելով պետություն-մասնավոր հատված համագործակցությունը՝ վարչապետն ընդգծել է, որ ակնկալում է ոլորտում ստեղծել մի միջավայր, որը հնարավորություն կտա ներգրավել նաև միջազգային հայտնի առողջապահական բրենդեր, ձևավորել նոր մշակույթ, ստեղծել մրցակցային իրավիճակ:
Կարեն Կարապետյանն արդիական է համարել նաև էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը: «Դուք անպայման պետք է ունենաք նպատակ, որպեսզի ՀՆԱ-ի մեջ ձեր ձևավորած արժեքը և բյուջեի մեջ ձեր ուղղությամբ ծախսվող գումարները լինեն համաչափ»,- նշել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ մեծ հույսեր է կապում ոլորտի մասնագետների հետ, որովհետև առկա է լավ հիմք:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ վարչապետը ներկայացրել է Հրաչյա Ռոստոմյանին. «Հարկավոր է սպորտը դարձնել անհրաժեշտություն»
- Լևոն Ալթունյանը նշանակվեց ՀՀ Առողջապահության նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան