«Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Մհեր Մազմանյանն ու Սուրիկ Պետրոսյանն ազատ են արձակվել
Ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գունդը գրաված զինված «Սասնա ծռեր» խմբին աջակցելու մեղադրանքով կալանավորված Սուրիկ Պետրոսյանն ու Մհեր Մազմանյանը ազատ են արձակվել, քանի որ փոխվել է նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցը: Այդ մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
«Կազմակերպված խմբի կողմից, զենքի գործադրմամբ հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը, հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2016 թվականի սեպտեմբերի 28-ին կայացված որոշումներով հանցագործության կատարմանն օժանդակելու համար մեղադրվող Սուրիկ Պետրոսյանի և Մհեր Մազմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը՝ նկատի ունենալով, որ վերացել է նրանց կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:
Նույն օրը կայացված որոշումների պատճեններն ուղարկվել են նախաքննության մարմնին և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին՝ կատարումն ապահովելու նպատակով», -ասված է Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Կալանքի տակ գտնվող Մհեր Մազմանյանի անչափահաս 6 երեխաները դպրոց չգնալու վտանգի առաջ են կանգնել
- Փորձ է արվում օգնել Մհեր Մազմանյանի ընտանիքին