Մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանը դիրքերը բարելավել է 3 կետով
Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած «2016-2017 համաշխարհային մրցունակության մասին զեկույցում» (ՄՀԶ) Հայաստանը 3 կետով բարելավել է դիրքը` 138 երկրի շարքում զբաղեցնելով 79-րդ տեղը: Անցած տարի Հայաստանը 140 երկրի շարքում զբաղեցրել է 82-րդ տեղը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը` ներկայացնելով զեկույցի հիմնական արդյունքները:
Նրա խոսքերով՝ այսօր Հայաստանի տնտեսությունը կրում է գլոբալ և ներքին միջավայրերի անկայունության ազդեցությունը, գլոբալ տնտեսությունում տեղի են ունենում արագ փոփոխություններ, մասնավորապես՝ կապված արդյունաբերական հեղափոխության, տեխնոլոգիական լուրջ փոփոխություններ հետ: «Հայաստանի առջև ծառացել են նոր մարտահրավերներ՝ կապված արտաքին անվտանգության, ինչպես նաև երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների հետ»,- ասաց Մանուկ Հերգնյանը:
Նա նշեց, որ հետճգնաժամայաին վերականգնումից հետո՝ 2013թ-ից Հայաստանի տնտեսությունը հայտնվել է դանդաղ աճի իրավիճակում: Տնտեսության առաջատար ոլորտների առաջին եռամսյակում գրանցված աճի համեմատաբար բարձր տեմպը զգալիորեն նվազել է 2-րդ կիսամյակում:
Ըստ նրա՝ վերջին 7 տարիներին արտահանման աճի տեմպը գերազանցել է ներմուծմանը, սակայն այն անընդհատ նվազել է և գրանցել 4,4 տոկոս անկում 2015թ-ին: 2016թ-ի առաջին 7 ամիսներին նկատվել է արտահանման աճի դրական դինամիկա:
Ինչ վերաբերում է օտարերկրյա ներդրումներին, ապա, ըստ Մանուկ Հերգնյանի, ներդրումների ծավալների անընդհատ նվազող տեմպն ազդանշան է երկրի ցածր ներդրումային գրավչության և աճի հնարավորությունների սահմանափակության վերաբերյալ:
Նշվեց նաև, որ պետության կողմից արտաքին ֆինանսական միջոցների ներգրավման կարողությունը ևս խիստ սահմանափակվել է՝ պարտքային բեռի ՀՆԱ-ի նկատմամբ 50% սահմանաչափին հասնելու պատճառով:
Ինչ վերաբերում է զեկույցին, ապա դրա համաձայն՝ Հայաստանը առաջընթաց է գրանցել գործարարության կատարելագործվածության (16 կետ), նորարարության (20 կետ), ինստիտուտների (10 կետ), ապրանքների շուկայի արդյունավետության (5 կետ), ֆինանսական շուկայի զարգացվածության (4 կետ), աշխատուժի շուկայի արդյունավետության (3 կետ) մասով:
Փոքր զարգացումներ են գրանցել նաև առողջապահության և տարրական կրթության (2 կետ), բարձրագույն կրթություն և վերապատրաստում (1 կետ ) հենասյուների ցուցանիշները: Միաժամանակ վատթարացել են մակրոտնտեսական միջավայրի (16 կետ), շուկայի չափի (4 կետով) ցուցանիշները:
Մ.Հերգնյանը նշեց, որ բիզնես սկսելու հետ կապված գործընթացների և ժամկետների բնագավառը հաստատուն կերպով ներկայանում է Հայաստանի ուշագրավ առավելությունների շարքում: Հայաստանի ուշագրավ առավելություններին են դասվում նաև հարկման ցածր բեռը և աշխատանքի ընդունման/հեռացման ճկունությունը։ Մրցակցային թերություններն այնպիսի կարևոր ոլորտներում են, ինչպիսիք են ֆինանսավորումը տեղական կապիտալի շուկայի միջոցով, նավահանգստային ենթակառուցվածքի որակը (այն երկրները, որոնք չունեն ելք դեպի բաց ծով, գնահատում են ամենամոտ նավահանգիստը):
Նշենք նաև, որ զեկույցի համաձայն` առաջատար երեք երկրները շարունակում են մնալ Շվեյցարիան, Սինգապուրը և ԱՄՆ-ը: Մրցունակությամբ առաջին հնգյակում են նաև Նիդերլանդները և Գերմանիան: ԱՊՀ տարածաշրջանի (ներառյալ Վրաստանը) երկրների խմբում զգալի առաջընթաց են արձանագրել Վրաստանը (7 կետով), Ադրբեջանը (3 կետով), Տաջիկստանը (3 կետով) և Ռուսաստանը (2 կետով): Զգալի հետընթաց են արձանագրել Մոլդովան (15 կետով) և Ղազախստանը (11 կետով):
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան