Հարկային օրենսգիրքն էլ ավելի «բեթար» վիճակից բերվեց ավելի նվազ «բեթար» վիճակի. Խաչատուր Քոքոբելյան
«Թեև լուրջ առաջարկություններ ընդունվել են, բայց, ցավոք սրտի, այս փոփոխություններով Հարկային օրենսգիրքն էլ ավելի «բեթար» վիճակից բերվեց ավելի նվազ «բեթար» վիճակի»,- այս մասին այսօր Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
Նրա խոսքերով՝ ինքը հույս ուներ, որ այս օրենսգիրքը հնարավորություն կտար ունենալ այնպիսի հարկային համակարգ, որտեղ կկրճատվեին վարչարարությունը, հսկողության հետ կապված անհիմն ստուգումների հնարավորությունը:
«Ունենալով քրքաշ վիճակում գտնվող տնտեսություն՝ նոր շնչառություն տալու, նոր ներդրումներ բերելու հնարավորություն պետք է ստեղծեր այս օրենսգիրքը, բայց ցավով եմ ասում՝ սա ևս մեկ կորցրած հնարավորություն էր»,- նշեց Խաչատուր Քոքոբելյանը:
Ըստ պատգամավորի՝ այս Հարկային օրենսգրքի նախագիծը որևէ հստակ մեխանիզմ չի սահմանում, որը կկրճատեր ստվերը:
Նա միաժամանակ նշեց, որ չի կարող չզարգացած տնտեսություն ունեցող որևէ երկրում լինել ժողովրդավարություն, աշխարհում նման բան չկա: «Այսինքն՝ այս Հարկային օրենսգրքից ու հարկային վարչարարությունից բխում են նաև բոլոր այն պրոբլեմները, որոնք ունենք Հայաստանում»,- ասաց նա:
Ըստ նրա՝ Հայաստանում կոռուպցիան, ստվերը կրճատելու համար հստակ առաջարկներ են արել, որ կարելի է հստակ դրույքաչափեր սահմանել, և այդ դրույքաչափերից հետո այլևս խաղի կանոնը բոլորի համար կլիներ նույնը:
«Այսօր նույնիսկ ամենագիտակ հաշավապահները չեն հասցնում սերտել հարկային օրենսդրության փոփոխությունը և այս խճճված իրավիճակի ողջ պատասխանատվությունը ընկնում է նաև մեզ վրա: Ինձ համար մնում է տարօրինակ, երբ մենք նեղ մասնագիտական քննարկումների արդյունքում գալիս ենք ճիշտ եզրահանգումների, բայց դրանց արտացոլումն այս փոփոխություններում չենք տեսնում: Ես շատ զարմացած եմ, որ շատերը դեմ լինելով՝ կողմ են քվեարկում: Ավելին, ընդգծված դեմ լինելով՝ ընդգծված կողմ են քվեարկում: Երևի դա է պատճառը, որ այսօր այս վիճակն ունենք»,- նշեց Խ. Քոքոբելյանը: