«Եթե մենք ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է անենք, երկիրը երկիր չենք դարձնի». վարչապետ
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) անդամների հետ այսօր հանդիպմանը Վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ ակնկալում է գործարարներից լսել բիզնեսի զարգացմանը խոչընդոտող խնդիրներն ու մտահոգությունները և միաժամանակ առաջարկել է ներկայացնել կառավարությունից սպասվող այն քայլերը, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն գործարար միջավայրի համար: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀԱԳՄ-ի նախագահ Արսեն Ղազարյանը ներկայացրել է միության անդամ գործարարների հետ քննարկման արդյունքում բարձրացված մի շարք հարցեր՝ ուղղված բիզնես միջավայրի և տնտեսական ներկայիս իրավիճակի դրական տեղաշարժերին: Այս առումով պարոն Ղազարյանը ողջունել է կառավարության՝ կառուցվածքային փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը՝ մասնավորապես, կարևորելով Էկոնոմիկայի նախարարության անվանափոխությունը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ինչն ավելի նպատակային ու հասցեական կդարձնի այդ գերատեսչության աշխատանքը:
Արձագանքելով Կարեն Կարապետյանը նշել է, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը լինելու է կամուրջ կառավարության ու գործարարների միջև և աջակցելու է բոլոր հարցերում. «Մենք հետևյալ խնդիրն ենք դրել՝ փոխել սկզբունքային վերաբերմունքը դեպի գործարարը: Մենք ամեն ինչով աշխատելու ենք ցույց տալ, որ ձեր գործընկերն ենք: Մենք պատրաստ ենք կանոնավոր կերպով արձագանքել բոլոր բարձրացված խնդիրներին և անելու ենք ամեն ինչ, որպեսզի համատեղ աշխատանքը լինի առավելագույնս թափանցիկ»:
Վարչապետի խոսքով՝ կառավարության գերխնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի «սպիտակ դաշտում» աշխատող գործարարն իրեն հարմարավետ զգա, իսկ ստվերում աշխատողը գիտակցի, որ առաջին հերթին հենց իրեն է պետք դառնալ բարեխիղճ հարկատու. «Եթե մենք ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է անենք, երկիրը երկիր չենք դարձնի»:
Կառավարության ղեկավարը, խոսելով բիզնես միջավայրի բարելավման նպատակով նախատեսվող միջոցառումներից, տեղեկացրել է, որ, օրինակ, դիտարկվում է որոշակի հարկային և էներգակիրների մատակարարման մասով արտոնություններ տրամադրելու հնարավորությունը՝ բոլոր այն նոր արտադրություններին, որոնք Հայաստանում չկան: Այդ պայմանները մրցակցության առումով որևէ խնդիր չեն ստեղծի մյուսների համար և կնպաստեն երկրում ներդրումների աճին ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան