Մեծ անտարբերություն՝ Ջուղայի գերեզմանատան խաչքարերի նկատմամբ
«Հայաստանի Հանրապետությունը բավականին մեծ անտարբերություն է ցուցաբերել Ջուղայի գերեզմանատան խաչքարերի նկատմամբ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հայագետ, նախիջևանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը:
Ըստ նրա՝ առ այսօր նույնիսկ բարոյական, իրավական տեսակետից Հայաստանին չհաջողվեց Ադրբեջանին գոնե պատասխանատվության ենթարկել՝ դրանք ոչնչացնելու համար. «Բազմիցս ասել եմ, այսօր էլ շեշտում եմ, որ 1998-2006 թվականների ընթացքում Նախիջևանի տարածքում ավիրվեց հայկական ողջ նյութական ժառանգությունը՝ վանքեր, եկեղեցիներ, տապանաքարեր, խաչքարեր, որոնց թիվը շուրջ 27 հազար է»:
Նրա խոսքով՝սա հայ ժողովրդի պատմության մեր խոշորածավալ ոչնչացման երևույթ էր՝ պատմական, մշակութային արժեքները ոչնչացնելու տեսակետից:
«Բազմաթիվ անգամ դիմել եմ ՀՀ կառավարությանը, պատկան մարմիններին, Ջուղայի գերեզմենատան խաչքարերի հետ կապված ինձ մոտ եղած միակ փաստագրական նյութը՝ մոտ 15 հազարի չափ նեգատիվներ, չափագրություններ, սլայնդներ ՀՀ պետական սեփականություն դարձնելու համար: Ի ցավ սրտի պետք է ասեմ, որ մինչ օրս այդ խնդիրը չի լուծվել: Հիմա ես և հնագետ Համլետ Պետրոսյանը ավստրալիացի մասնագետների հետ փորձում ենք Ջուղայի գերեզմանատան խաչքարերը վերականգնել նորագույն տեխնիկայի եռաչափ խրագրով: Ծրագրի նախնական փուլն արդեն ավարտված է: Հուսանք առաջիկա մի քանի տարիների ընթացքում ծրագիրն ի կատար կածվի»:
Նա հավելեց, որ ծրագրի իրականացման ֆինանսական հարցերը լուծում է ավստրալիական ընկերությունը . «Ցավալին այն է, որ դա դառնալու է ավստրալիական սեփականություն, սակայն վերականգնումից հետո այն կցուցադրվի նաև Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում»:
Հարակից հրապարակումներ`
- Նոր Ջուղայում կա 14 կանգուն հայկական եկեղեցի. Հետազոտող
- Նոր Ջուղայում հայկական տների պահպանման համար պատերազմ է գնում ոչ թե Իրանի կառավարության, այլ շուկայի հետ. Ճարտարապետ
- Նոր Ջուղան միջգաղթավայրային կարևոր նշանակություն է ունեցել. Հուշարձանագետ
- Իրանցի պրոֆեսոր. Նոր Ջուղայի հին հայկական տները վերահսկողության տակ են գտնվում
- Ջուղայի խաչքարերի ոչնչացումը բացահայտում է Ադրբեջանի իրական դեմքը. ԱԺ փոխնախագահ
- Ջանֆրանկո Ռավազին՝ Ջուղայի խաչքարերի մասին. Ժողովուրդների բախման ընթացքում տեղի են ունենում նման վայրագություններ