Արվեստագետները՝ մշակույթի նորանշանակ նախարարի ու սպասելիքների մասին
«Մշակույթի ոլորտում պրոբլեմները բավականին շատ են: Անկասկած, գլոբալ, շատ մեծ, կարևոր հարցի լուծումներ պետք է գտնել, որը, ցավոք սրտի, մեր նախկին նախարարը… »,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոևը՝ պատասխանելով մշակույթի նորաշանակ նախարարի Արմեն Ամիրյանից հնարավոր սպասելիքների մասին հարցին:
Ըստ նրա, նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը բավականին ինտելեկտուալ, արվեստին, գրականությանը մոտ անձնավորություն է:
«Իմանալով նրա բնավորությունը, կարծում եմ՝ կստեղծի մշակույթի դաշտում հետաքրքիր մեխանիզմ, որը կկարգավորի մշակույթի բոլոր ճյուղերը: Միակ պակասը, որ կար նախկին նախարարի ժամանակ, պատասխանատվություն չէր վերցնում իր վրա, ստեղծում էր իրավական դաշտ, որպեսզի բոլորը կարողանան իրենց տեղը գտնեն: Թե այդ ուղղությունն ինչքանով կարդարացվի, դժվարանում եմ ասել»,- ասաց Ռ. Խոսրոևը:
Նա համոզված է, որ միայն համատեղ աշխատանքը կարող է հրաշալի պտուղներ տալ:
«Առաջին քայլը, որ պետք է անի Արմեն Ամիրյանը, ուսումնասիրի ամբողջ դաշտը: Աշխատանքներ շատ կան: Մշակույթը ստեղծագործական աշխարհ է, ամեն օր նոր խնդիր է բերում իր հետ»,- նշեց նա:
Բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի բնորոշմամբ՝ Արմեն Ամիրյանը բոլոր դեպքերում արվեստի մարդ է, դա արդեն մեծ հույսեր է ներշնչում, համոզված է, որ արվեստի, մշակույթի հարցերին կմոտենա գիտակի դիրքերից:
Հարցին, թե ո՞րը պետք է լինի նորանշանակ նախարարի առաջին քայլը, նա ասաց. «Այնքան բաներ կան անելու: Չգիտեմ, որը կնախընտրի: Շատ կուզենայի, որ թատրոնների հարցով ավելի լավ, ջերմ, գիտակ մարդու վերաբերմունք լինի»:
Բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի խոսքով, մշակույթի նախարարությունը բազում պրոբլեմներր ունի, մեկ նախարարը չի կարող բոլոր պրոբլեմները լուծել:
«Արմեն Ամիրյանը պարզապես կատարյալ մշակութային մարդ է: Նրա անցած կենսագրությունը, նկարագիրը, իր ըմբռնումն արժեքների, կարծում եմ, որ եթե մշակութային աշխարհը, իշխանությունները թիկունք կանգնեն, Արմեն Ամիրյանը կարող է ահագին բարեփոխումներ մտցնել մշակույթի ոլորտ»,- ասաց Ռ.Դավոյանը:
Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանն ասաց. «Ինքս երբեք նախարարներից ակնկալիքներ չեմ ունեցել: Այս դեպքը ևս բացառություն չի լինելու: Ստացվել է այնպես, որ հասարակությունը մշակույթի նախարարից սովորաբար մեկ սպասելիք է ունենում՝ ավերակների չվերածել մեր հոգևոր աշխարհն ու ժառանգությունը: Այսինքն՝ եթե չես օգնում, գոնե մի խանգարիր: Մշակույթն այնպիսի բան է, որ եղել է, կա ու կլինի առանց նախարարի ու նախարարության»:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետն Արմեն Ամիրյանից և նրա թիմից ակնկալում է առավելագույն արդյունավետ աշխատանք
- Արմեն Ամիրյանը նշանակվեց մշակույթի նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան