«Հարկային օրենսգրքի» նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ
Ազգային ժողովի արտահերթ նիստում քվեարկության դրվեց «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի» նախագիծն երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Նախքան քվեարկությունը, ելույթ ունեցավ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը.
«Երեկ դատարկ դահլիճում քննարկվել է հաստափոր նախագիծը: Բավականին նոր փոփոխություններով քննարկման առարկա պետք է դառնար ոչ միայն դահլիճում գտնվող մի քանի պատգամավորների կողմից, նաև մեծ ու փոքր բիզնեսմենների, նոր կառավարության կողմից: Ստացվում է այնպես, որ ձևավորվել է նոր կառավարություն, բայց աշխատում ենք հին ոճով: Բերել այստեղ փաստաթղթեր, այն էլ հարկային փաթեթը, որն այստեղ նստած մարդկանց գրեթե 80 տոկոսի հետ առնչվում է, մեր պատգամավորները, վստահ եմ, որ չեն էլ հասցրել կարդալ: Բավական երկար ժամանակ էր պետք ուսումնասիրել և այստեղ կարծիքներ հայտնել: Ստացվում է, որ մենք կանգնած ենք կոտրած և հին տաշտակի առջև, ձեռագիրը բացարձակապես չի տարբերվում հնից: Նման հարկային փաթեթին մեր խմբակցությունը դեմ է քվեարկում և կոչ ենք անում մյուսներին նույնպես»:
«Ժառանգություն» խմբակցությունից Ռուբեն Հակոբյանն ասաց, որ սա կարևորագույն, ինչ-որ տեղ համակարգաստեղծ, տնտեսական քաղաքականությունն ուղղորդող փաստաթուղթ է, պատասախանատվություն է պահանջում:
«Մի բան հստակ է, որ այս փաթեթն ընդունում ենք, որովհետև ստիպած ենք»,- նշեց նա՝ հավելելով, որ չի մասնակցելու այս քվեարկությանը:
ԲՀԿ խմբացության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ չի կարելի նման խաղի կանոն սահմանել, որն ուղղակիորեն կործանելու է փոքր և միջին ձեռներեցությունը:
«Հորդորում ենք ուղղակի չդնել քվեարկության այս նախագիծը: Չի կարելի նման անփույթ տեսքով նախագիծ ընդունել և սահմանել խաղի կանոն, որն ուղղակի կործանարար է լինելու Հայաստանում մնացած արդեն 1-2 տնտեսավարողի համար»,- նշեց պատգամավորը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց. «Առաջին ընթերցումից հետո անընդհատ, պարբերաբար քննարկվել է , ներկայացվել Ազգային ժողով: Այսօր հիմա այս վերջին մոմենտն է, բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել»:
Պատգամավոր Վահե Հովհաննիսյանի խոսքով, եղածի վրա բավականին փոփոխություններ արվել են:
«Արդյո՞ք մեր նպատակը դա է՝ առաջին վատ տարբերակի վրա աշխատել, առաջինի համեմատ ունենալ ավելի լավ տարբերակ: Արդյոք դա բավարար է:՞ Կարծում եմ, ոչ: Մեր խնդիրը լրիվ այլ էր՝ գործարար միջավայրի փոփոխություն, բիզնեսի խրախուսում: Մենք չենք հասել այդ նպատակին: Կարծում եմ՝ սա շատ վատ մեսիջ է բիզնես դաշտին հատկապես նոր կառավարության ծրագիրը բերելուց առաջ: Մենք խաղում եք մանր, միջին բիզնեսի, բազմաթիվ այլ գործարարների շահերի, իրավունքների, գուցե ճակատագրի հետ: Զգույշ պետք է քվեարկել»,- ասաց նա:
ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասաց, որ Ընտրական օրենսգրքից հետո սա ամենաքննարկված, բազմակողմանի ուսումնասիրված փաստաթուղթն է և, որ քննարկումների արդյունքում բարելավումները հիմնականում արդյունք են պատգամավորների կողմից բերված առաջարկությունների:
«Փաստաթուղթը բարելավված է ի օգուտ ձեռներեցության, ակնհայտ է: Կարծում եմ գործ ունենք քաղաքական կոմպրոմիսի հետ»,- ընդգծեց նա:
ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն ասաց, որ Հարկային օրենսգիրքը միայն վերջին ժամանակահատվածում՝ մոտ երկու ամսվա ընթացքում, քննարկվել է 25 անգամ, պատգամավորների կողմից արված 300 առաջարկությունից գերակշիռ մեծամասնությունն ընդունված է:
«Փոքր և միջին բիզնեսի մասով առաջարկությունների 99,9 տոկսն ընդունվել է: Առաջին ընթերցումից հետո հիմնարար փոխվել է, այլ որակի փաստաթուղթ է»,- նշեց նա:
79 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Հարկային օրենսգրքի» նախագիծը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Գուրգեն Արսենյանը հասկացել է՝ ով է Հարկային նոր օրենսգրքի շահառուն
- Հարկային օրենսգիրքն էլ ավելի «բեթար» վիճակից բերվեց ավելի նվազ «բեթար» վիճակի. Խաչատուր Քոքոբելյան
- Ինչո՞ւ պետք է եկեղեցին հարկ չտա. Բագրատյան
- 550 հազար քաղաքացի եկամտահարկի տնտեսում կունենա
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան