«Ժամանակxժամանակxժամանակը» Նկարիչների միությունում
Հայաստանի Նկարիչների միությունում բացվել է նկարիչ, քանդակագործ Գևորգ Մշեցի-Ջավրուշյանի գործերի «Ժամանակxժամանակxժամանակ» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչև հոկտեմբերի 9-ը։ Ցուցահանդեսը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին:
Ցուցահանդեսում ներկայացված են արվեստագետի դեռևս չցուցադրված կոլաժների հավաքածուն, որը ներառում է ավելի քան 60 աթոռ-կոլաժ։
Լրագրողների հետ զրույցում Մշեցի-Ջավրուշյանն ասաց, որ կոլաժների միջոցով պատմում է ժամանակի մասին՝ անցյալի, ներկայի և ապագայի:
«Այս ամենն իմ ստեղծագործական գործունեության 30 տարվա արդյունքն է»,- նշեց նա:
Կոլաժները հիմնականում պատրատված են հաշվիչներից և աթոռներից: Արվեստագետը չցանկացավ մեկնաբանել, թե որն է դրանց իմաստը, որպեսզի այցելուներն իրենք փորձեն հասկանալ:
Գևորգ Մշեցին Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Նրա գործերը ներկայացվել են շուրջ երկու տասնյակ անհատական և մի շարք խմբակային ցուցահանդեսներում։ Արվեստագետի գործերը պահվում են ինչպես Հայաստանի և Ռուսաստանի տարբեր թանգարաններում, այնպես էլ մասնավոր հավաքածուներում (Ֆրանսիա, Կանադա, ԱՄՆ, Շվեդիա, Շվեյցարիա, Ռուսաստան, Իրան, Կիպրոս, Սուդան, Լիբանան)։