Մենք բավականին կոշտ բյուջե ենք նախատեսում 2017 թվականին. վարչապետ
Գործադիրի հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի նախագիծը:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ ամենակարևոր սկզբունքը, որն ամրագրվել է հաջորդ տարվա բյուջեով, հարկաբյուջետային և պարտքի կայունությունն է:
Նախարարի խոսքերով՝ 2014-2015 թվականներին ունեցել ենք պետական պակասուրդի բավական բարձր մակարդակ՝ 4.8 տոկոս: Եվ այս տարվա արդյունքներով, ըստ նրա, ամենայն հավանականությամբ, կունենանք 5.9 տոկոսանոց պակասուրդ: Արդյունքում՝ ավելացել է արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը:
«Սա պարտքի ստեղծման հիմնական աղբյուրն է: Մեզ մոտ պարտքը երկու տարիների ընթացքում՝ 2014-2015 թվականներին 43.7 տոկոսից բարձրացել է և այս տարեվերջին 54.4 տոկոս կկազմի: Բնականաբար, հաջորդ տարիներին պետք է լինենք ավելի պահպանողական, որպեսզի թույլ չտանք պարտքի գերաճ»,- մեկնաբանեց Վարդան Արամյանը:
Նախագծով եկամուտների մասով նախատեսվում է 1 տրիլիոն 135 միլիարդ դրամ, ծախսերի մասով՝ 1 տրիլիոն 360 միլիարդ, դեֆիցիտը՝ 150,1 միլիարդ դրամ՝ 2.8 տոկոս: Նախագծով նախատեսվում է նաև ՀՆԱ-ի 3,2 տոկոս աճ:
Անդրադառնալով պետբյուջեի նախագծին՝ Կարեն Կարապետյանը ասաց. «Մենք բավականին կոշտ բյուջե ենք նախատեսում 2017 թվականին, թվերը խոսում են դրա մասին: Մոտ 70 միլիարդ նախատեսում ենք եկամուտների աճ և մոտ 100 միլիարդ՝ ծախսերի նվազեցում: Այն բոլոր հարցադրումները, որ հնչեցնում ենք կառավարման, ծախսերի նվազեցման վերաբերյալ, դրանք շատ ակտուալ են»:
ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվեց նաև անհրաժեշտության դեպքում նախագծում կատարել շտկումներ և ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ, որտեղից նախագծի լրամշակված տարբերակը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան