Դռան զանգը տվեցի, կինս բացեց, գրկախառնվեցի և ականջին շշնջացի՝ սիրելիս, ես իմ ժամանակի մեծ մասը հատկացնելու եմ ուրիշին. Արմեն Ամիրյան
ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանն այսօր գործադիրի նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ աշխատելու է բաց, չափազանց թափանցիկ:
Պատասխանելով հարցին՝ թե որն է եղել իր առաջին քայլը, երբ իմացել է, որ նշանակվել է նախարար՝ Արմեն Ամիրյանն ասաց. «Գնեցի մի փունջ վարդեր և եկա տուն: Զանգը տվեցի՝ կինս բացեց, գրկախառնվեցի և ականջին շշնջացի՝ սիրելիս, ես իմ ժամանակի մեծ մասը հատկացնելու եմ ուրիշին: Երբ որ զգացի թրթիռն իմ գրկում, ասացի՝ հանգստացիր, ես այդ ժամանակը նվիրելու եմ հայրենի մշակույթին և այն ծառայությանը, որին կոչված եմ»:
Արմեն Ամիրյանը հայտնեց, որ կադրերի փոփոխություն չի պատրաստվում անել:
«Ես ձևակերպում եմ խնդիրները և այդ խնդիրների մեջ եթե կարող են տեղավորվել, ապա կարող եմ աշխատել բոլորի հետ: Եթե չեն տեղավորվի, ինքնաբերաբար այդ մարդիկ կփոխարինվեն այլ աշխատողներով, քանի որ ինձ համար կարևորագույնն այն մշակույթն է և այն խնդիրները, որոնք ձևակերպվելու են մշակույթի զարգացման մեջ»,- նշեց մշակույթի նախարարը: