Հայաստանում նկարահանումներ իրականացնող ընկերություններին պետք է ազատել որոշակի հարկատեսակներից. նախարար
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախարարության առաջնահերթ խնդիրը գրահրատարակչական ոլորտի ամբողջական ցիկլի վերանայումն է, որը պետք է սկսվի նոր տիպի գրախանութների ստեղծումից և որոնք պետք է դառնան ընտանեկան հանգստի կենտրոն։
«Առավել քան համոզված եմ, որ նման գրախանութները կնպաստեն գրահրատարակչական ոլորտի ամբողջական ցիկլի բիզնես զարգացմանը»,- նշեց Արմեն Ամիրյանը՝ հավելելով, որ այս փորձը պետք է տեղայնացնել հանրապետության ամբողջ տարածքում:
Իսկ առաջին փորձը, ըստ նրա, կսկսվի Երևանից։
Նախարարի խոսքերով՝ խոսքը վերաբերում է նաև գրքերի թվայնացմանը, ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծմանը: «Ամբողջ աշխարհն արդեն օգտագործում է թվային գրքեր, Հայաստանում, ցավոք, այդ պակասը կա: Գրահրատարակչական ոլորտի ամբողջական ցիկլը ներառելու է նաև դա», - նշեց Արմեն Ամիրյանը:
Անդրադառնալով «Նոյյան Տապան» գրախանութի փակմանը՝ մշակույթի նախարարը խոստացավ առաջիկա 1-2 օրերի ընթացքում խորհրդակցության հրավիրել ոլորտի շահագրգիռ ներկայացուցիչներին, որպեսզի քննարկման արդյունքում կարողանան ճիշտ ճանապարհով շարժվելու ուղիներ գտնել:
Որպես գերխնդիր՝ Արմեն Ամիրյանը մատնանշեց նաև կինոյի մասին օրենքի ընդունումը, որը հնարավորություն է տալու արտաքին պրոդյուսերական կենտրոններին և կազմակերպություններին, որոնք նկարահանումներ կանեն Հայաստանում, ազատել որոշակի հարկատեսակներից։
«Դա կխթանի, ըստ իս, կինոարտադրությունը Հայաստանում, ինչպես նաև դա կարող է դառնալ Հայաստանն արտասահմանում ներկայացնելու լավագույն միջոց։ Համատեղ նախագծեր պետք է նախատեսել ռուսական, չինական, նաև իրանական շուկայի համար»,- ասաց մշակույթի նախարարը՝ հավելելով, որ առաջիկայում նախատեսում է հանդիպումներ համապատասխան պրոդյուսերական կենտրոնների հետ, առաջին հերթին՝ ռուսական շուկայի, քանի որ այնտեղ հիմնականում աշխատում են մեր հայրենակիցները:
Ինչ վերաբերում է «Թատրոնի մասին » օրենքին, Արմեն Ամիրյանն ասաց, որ այս պահին այնքան էլ դրա առաջնահերթություն չկա, թեպետ պետք է ուսումնասիրել. «Կինոն ավելի բիզնես է, քան թատրոնը, ուստի կինոարտադրությանը պետք է տալ իրավունքներ, հնարավորություններ, զիջումներ, օգնություն, որպեսզի այն զարգանա»: