«Յուրաքանչյուր լուման պետք է հիմնավորվի, թե ինքն ինչ նպատակի է ծառայում». ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի մասին
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի բոլոր մարմիններին հանձնարարեց վերանայել իրենց կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ների գործունեության նպատակահարմարությունը, և առաջարկություն ներկայացնել ՊՈԱԿ-ների թվաքանակի կրճատման և օպտիմալացման վերաբերյալ:
«Այն ՊՈԱԿ-ները, որոնց գործունեությունը համարում եք նպատակահարմար, պետք է լինի հիմնավորված, գործառույթները՝ հստակ ու չկրկնվող: Երբ մենք բյուջեն էինք քննարկում՝ բազմաթիվ ՊՈԱԿ-ներ կան, որոնք ունեն տարեցտարի հաստատուն ծախսեր, և գոնե ինձ համար առաջին պահին հասկանալի չէ ,թե իրենց պրոդուկտը, օգուտը, մուլտիպլիկատիվ էֆեկտը որն է: Ելնելով դրանից՝ շատ խիստ, կոշտ, պետք է այդ ամենը վերանայել, և յուրաքանչյուր լուման պետք է հիմնավորվի, թե ինքն ինչ նպատակի է ծառայում»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Նույնը, ըստ վարչապետի, վերաբերում է ԾԻԳ-երին:
Մասնավորապես, Կարեն Կարապետյանը հանձնարարեց Սպորտի ու երիտասարդության հարցերի, Արտակարգ իրավիճակների, Մշակույթի և Քաղաքաշինության նախարարներին մեկշաբաթյա ժամկետում քննարկել իրենց ենթակայության տակ գտնվող ԾԻԳ-երի լուծարման հարցը, և ներկայացնել առաջարկություն: «Մենք պետք է ի վերջո ունենանք մի հրապարակ, որտեղ այդ գնումները կատարվեն: Մեր նախարարություններն աութսորսինգի վրա պետք է պատվիրեն այդ գնումներւը, այդ կառույցին: Ընդհանրապես, մենք այս համակարգը պետք է նայենք, այս քայլերը սկսելուց հետո մի ամփոփ կոնցեպցիա պետք է ունենանք»,- ընդգծեց վարչապետը: