Մշակութային ժառանգության պահպանության ոլորտում իտալացի մասնագետների փորձն անչափ կարևոր է. Նախարար
«Հուշարձանների վերականգնման տարածաշրջանային կենտրոնի» ստեղծման և մշակութային ժառանգության պահպանության ոլորտի մասնագետների վերապատրաստման նոր ծրագիր սկսելու կապակցությամբ Հայաստան ժամանած Իտալիայի արտաքին գործերի նախարարության համագործակցութան զարգացման գործակալության փորձագետ, ճարտարապետ Ռիտա Գոնելլիի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանին:
Մշակույթի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախարարը նշել է, որ մշակութային ժառանգության պահպանության ոլորտում իտալացի մասնագետների փորձն անչափ կարևոր է և հանդիսանում է երկու երկրների մշակութային համագործակցության հիմնական բաղադրիչներից մեկը: Կարևորելով ծրագրի իրականացման արդյունքում հուշարձանների վերականգման տարածաշրջանային նոր կենտրոն հիմնելու գաղափարը, Ա. Ամիրյանը պատվիրակության անդամների հետ քննարկել է կենտրոնի ստեղծմանն առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպման ավարտին, նախարար Ա. Ամիրյանը, «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Գայանե Կազնատիին հանձնել է ՀՀ նախագահի կողմից ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ շնորհված բարձր պարգևը` «Մովսես Խորենացի» մեդալը: