Գվարդիոլա. «Երկրորդ խաղակեսում ամեն ինչ արեցինք հաղթանակի համար»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Սելթիկի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումից հետո խոսել է իր զգացումների մասին։ Հիշեցնենք, որ այդ խաղում գրանցվել է արդյունավետ ոչ-ոքի՝ 3։3։ Ընդ որում՝ անգլիական թիմը երեք անգամ հայտնվել է հաշվի մեջ հետապնդողի դերում։
«Մեզ համար դժվար էր երկու խաղակեսն էլ սկսել բաց թողած գոլով, ուստի ես ուրախ եմ ֆուտբոլիստների ռեակցիայի համար։ Շատ դժվար է 3 գոլ խփել արտագնա խաղում,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Երկրորդ խաղակեսում, հատկապես՝ վերջին 20 րոպեի ընթացքում, ամեն ինչ արեցինք հաղթանակի համար։ Այստեղ հաղթելը գերազանց քայլ կլիներ դեպի առաջ, սակայն սարսափելի ոչինչ չկա։ Մյուս կողմից՝ շատ լավ է, որ չպարտվեցինք։
«Մանչեսթեր Սիթին» կպայքարի յուրաքանչյուր խաղում։ Մենք պետք է հաղթեի՞նք։ Այո, բայց սա ֆուտբոլ է։ Մեզ լավ թիմ էր դիմակայում։ Տնային վերջին 24 խաղից «Սելթիկը» միայն 3-ում է պարտվել։ Ես հասկանում էի, որ մեզ համար շատ դժվար կլինի, ուստի պետք է ասեմ, որ իմ ֆուտբոլիստների արձագանքը հիանալի էր»։
Ավելացնենք, որ «Մանչեսթեր Սիթին» 2 խաղում վաստակել է 4 միավոր և ընթանում է խմբի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում։ Առաջին տեղում «Բարսելոնն» է, որն իր ակտիվում 6 միավոր ունի։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա