Խաղողի մթերման հետ կապված բոլոր խնդիրներն ուսումնասիրվում են. Իգնատի Առաքելյան
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե խաղողի մթերման հարցում սուբյեկտիվ չի՞ լինելու իր մոտեցումը, հաշվի առնելով հանգամանքը, որ վերջինս Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրենն է եղել մինչ նախարար նշանակվելը, նախարարը պատասխանեց. «Երբեք սուբյեկտիվ չի կարող լինել իմ վերաբերմունքը»:
Իգնատի Առաքելյանն ասաց, որ խաղողի մթերման հետ կապված բոլոր խնդիրներն ուսումնասիրվում են, և գյուղատնտեսության նախարարությունն անպայման ներկայացնելու է իր առաջարկները:
Անդրադառնալով վերամշակող կազմակերպություններին, գյուղատնտեսության նախարարը նշեց, որ նրանց հետ ամենօրյա աշխատանքներ են տարվում, որպեսզի կարողանան պարտքերը մարել:
«Եվ եթե պարտքերը մարելուց հետո էլ գյուղացու ու մթերողի միջև խնդիրներ առաջանան, ապա պետությունը ստիպված կլինի միջամտել: Այսօր խնդիր չկա գյուղացիների ու մթերողների միջև, մթերողներն ասում են, որ արդեն պայմանավորվել են գյուղացիների հետ: Բայց եթե մենք գնանք մթերողներին դատի տալու ու նրանց սնանկացնելու ուղղությամբ, դա ելք չէ։ Ելքն այն է, որ իրենք երկուսով պետք է համաձայնության գան, թե ինչպես մարվի պարտքը, որպեսզի և գյուղացին շատ չնեղվի, և մթերողը լուծի իր ֆինանսական հարցերը »,- նշեց Իգնատի Առաքելյանը:
Պատասխանելով հարցին, թե գյուղատնտեսության նախարությունն ինչով է նպաստելու, որպեսզի հետագայում ևս գյուղացիների և մթերողների միջև խնդիրներ չծագեն, Իգնատի Առաքելյանը նշեց. «Մենք բանաձև ենք գտնում, որով կմթերվի ավելցուկը: Կա նախագիծ, և երբ վերջնական որոշում կլինի, կներկայացնենք»:
Ինչ վերաբերում է իր այն հայտարարությանը, թե գյուղացիները պետք է սկսեն բիզնեսով զբաղվել, գյուղատնտեսության նախարարն ասաց, որ այդ ուղղությամբ ևս մշակվում է ծրագիր, որում պետք է ներգրավվեն դոնորներ:
«Երբ որ ես ասում եմ, որ բիզնեսով պետք է զբաղվենք, մենք ծրագիր ենք մշակելու և փորձելու ենք ներդնել դոնորներ, ովքեր աջակցելու են, բիզնեսը ֆինանսավորելու դասընթացներ են անցկացվելու: Բնական է, որ այսօրվա իրավիճակում գյուղացին չի կարող ինքն իրեն բիզնեսով լուրջ զբաղվել»,-ասաց Իգնատի Առաքելյանը:
Նա նշեց նաև, որ գյուղացին կառավարությունից պահանջում է, որ լավ ապրի. «Մենք ելքեր ենք փնտրում՝ ինչպես անենք, որ իր պահանջները կատարվեն»:
Նախարարի խոսքերով՝ գյուղացուն պետք է ուղղորդել՝ ճիշտ կազմակերպելու իր գործունեությունը:
Անդրադառնալով արտադրողների համար վարկավորման տոկոսադրույքների իջեցմանը, Ի.Առաքելյանն ասաց, որ այդ հարցն իսկապես բարձրացվել է, և կփորձեն իջեցնել վարկավորման տոկոսադրույքները` 11-ից մինչև 8 տոկոս:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան