ՀՀ-ում սրտանոթային հիվանդությունները առաջին տեղում են
Եվ հիվանդության, և մահացության բուրգի մեջ առաջին տեղում սրտանոթային հիվանդություններ են: Ամբողջ աշխարհում տարեկան 17 միլիոն մարդ է մահանում սրտանոթային հիվանդություններից,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը:
Ըստ նրա ներկայացման՝ Հայաստանում մահացության բուրգում 36-37 տոկոսը սրտանոթային հիվանդություններից մահացածներն են, հիվանդացությունը կազմում է 40 և ավելի տոկոս: Հայաստանում ամեն տարի 55 հազար մարդու մոտ առաջին անգամ հայտնաբերվում է սրտանոթային հիվանդություն: Նրանց մի մասը պետք է լինեն մշտական հսկողության տակ, մյուս մասի դեպքում բուժումից հետո հսկողության անհրաժեշտություն չի լինում: Նա ասաց, որ, ընդհանուր առմամբ, ոչ վարակիչ հիվանդությունները, որոնք այսօր ծանր բեռ են առողջապահության համար, առաջին տեղում նույնպես սրտանոթային հիվանդություններն են:
Ծ. Վարդանյանի խոսքով՝ այսօր Հայաստանի առողջապահության նախարարությունը իրականացնում է նույնպիսի միջոցառումներ, ինչ ամբողջ աշխարհում: Ըստ ԱՆ ներկայացուցչի, սրտանոթային հիվանդությունների 80 տոկոսը կանխարգելելի է, եթե վարեն առողջ ապրելակերպ, ճիշտ պայքարեն ռիսկի գործոնների դեմ: Ռիսկի գործոններն են՝ ծխախոտի ամենօրյա օգտագործում, ալկոհոլի չարաշահում, կերակրի աղի քանակի ավելցուկային օգտագործում, հիպոդինամիա՝ թերշարժունակություն, քաշի ավելցուկ, բարձր զարկերակային ճնշում և այլն:
«Այս բոլոր խնդիրները, եթե կարողանանք ժամանակին, ճիշտ կանխարգելել, կարգավորել, բերել նորմայի, շատ դեպքերում կկարողանանք կանխարգելել սրտանոթային հիվանդությունները»,- ասաց Ծ. Վարդանյանը:
Ըստ նրա, ծխախոտի օգտագործման հետ կապված Հայաստանը եվրոպական տարածաշրջանի երկրների ցանկում շատ վատ դիրքերում է գտնվում. չափահաս ամեն երկրորդ արական սեռի քաղաքացին ամենօրյա ծխող է, դեռահասների շրջանում ծխախոտի օգտագործման միտում կա:
Ծ. Վարդանյանն ասաց, որ վերջին տաս տարվա ընթացքում բոլոր երկրներում հիվանդացության, մահացության ցուցանիշների վատթարացում է նկատվել, նաև կա հիվանդության որոշակի երիտասարդացում:
«Առողջապահական միջազգային կազմակերպությունները, նաև մենք փաստում ենք, որ կապված է կենսակերպի, առողջ ապրելակերպի, վարքագծային գործոնների, քաշի ավելցուկի հետ»,- նշեց նա՝ միաժամանակ հավելելով, որ իրականացված աշխատանքները տալիս են արդյունք և առողջ ապրելակերպը, թեև դանդաղ, բայց մտնում է կենցաղ:
Ըստ Ծ. Վարդանյանի, Հայաստանում յուրաքանչյուր 8-9-րդ դեռահասն ունի քաշի ավելցուկ. «Աստիճանաբար քաշի ավելցուկի խնդիրը սկսում է ավելանալ: 45 տարեկանից սկսած կանանց 60 տոկոսը և ամեն երկրորդ տղամարդն ունի քաշի ավելցուկ»:
Ներկայացված տվյալների համաձայն, Հայաստանում տարեկան մինչև 18 տարեկան 250-300 երեխայի շրջանում սրտային վիրահատություններ են կատարվում:
Հարակից հրապարակումներ`
- «Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի» շրջանակում ստենտավորումների թիվն ավելացել է
- Սրտի համաշխարհային օրն է